Home / Հայաստան / Կրպակատերերից մեկը ծախվել է թաղապետարանին, կարծում են գործընկերները (ՖՈՏՈՇԱՐՔ)

Կրպակատերերից մեկը ծախվել է թաղապետարանին, կարծում են գործընկերները (ՖՈՏՈՇԱՐՔ)

Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն այս պահին ապամոնտաժում են Փափազյան փողոցում գտնվող կրպակներից մեկը:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Փափազյան փողոցից, այդ կրպակի սեփականատերը համաձայնել է ապամոնտաժումը թույլ տալ և հեռացել է` հայտարարելով, որ պայքարը, միևնույնն է, արդյունք չի տա: Մյուս կրպակատերերի խոսքով` «ինքը իրանց մարդն ա» և նրա հետ «նախապես պայմանավորվածություն ա եղել»:

Մինչ ընթանում են մեկ կրպակի ապամոնտաժման աշխատանքները, մյուս կրպակների սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել շարունակել պայքարը:

Նշենք, որ վաղ առավոտյան, երբ թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղղեկցությամբ ժամանել են Փափազյան փողոց, կրպակատերերը փորձել են խոչընդոտել նրանց մեքենաների առաջխաղացումը: Հրմշտոցի արդյունքում մարդկանց հետ են մղել:

Այս պային Փափազյան փողոցում սպասողական վիճակ է: Դեպքի վայրում են գտնվում նաև ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ստյոպա Սաֆարյանը: Քիչ առաջ Փափազյան փողոց է եկել ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Նշենք, որ Փափազյան փողոցի կրպակատերերը դեռևս նախորդ շաբաթ դիմում էին գրել Երևանի քաղաքապետարան` բողոքելով ապամոնտաժման դեմ և պահանջելով չեղյալ համարել այդ որոշումը:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել էին, որ իրենց սեփականության իրավունքն ավարտվում է տարվա վերջին: Արաբկիրի փաղապետարանի աշխատակիցների խոսքով` Փափազյան փողոցի ընդամենը 4 կրպակներ սեփականության իրավունք ունեն:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ շարունակելու է Երևանի տարբեր հատվածներում գտնվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, իսկ նոր հողատարածքներ տրամադրվելու են միայն մամուլի կրապակներին:

Tekali Taxi