Home / Հայաստան / «Մեզ հայրեր են պետք». BBC-ի լրագրողը գրել է հայաստանյան արտագաղթի մասին

«Մեզ հայրեր են պետք». BBC-ի լրագրողը գրել է հայաստանյան արտագաղթի մասին

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների գյուղական վայրերում աղքատությունն ու գործազրկությունը ստիպում է մարդկանց հեռանալ, սակայն Հայաստանից գնում են տղամարդիկ` ամբողջ գյուղեր թողնելով կանանցով բնակեցված, BBC-ում գրում է Դամիեն Մակգինեսը, ով, այցելելով Ձորագյուղ, վերլուծել է հայաստանյան գյուղական շրջանների իրականությունը:

Հոդվածագիրը նշում է, որ Ձորագյուղի դաշտերում աշխատում են միայն կանայք և երեխաները: Լրագրողը զրուցել է երիտասարդ կանանցից մեկի` Միլենա Ղազարյանի հետ, ում ամուսինը, եղբայրները և հայրն արտագնա աշխատանքների են մեկնել Մոսկվա: Միլենան քսան տարեկանից մի փոքր ավելի է, երկու երեխա ունի:

«Միլենա Ղազարյանը շատ է ժպտում: Բայց զրույցում ասում է` իրեն անհանգստացնում է այն փաստը, որ Ռուսաստան մեկնած կանանց ամուսիններն այնտեղ երկրորդ ընտանիքը կստեղծեն: Դա շատ է պատահում», – գում է Մակգինեսը:

Միլենան նշում է, որ Ռուսաստանում իրենց ամուսինները ընկերուհիներ են գտնում, բայց երբ տարիքն առնում են և չեն կարողանում աշխատել, վերադառնում են տուն:

Միլենան ամուսնացել է 5 տարի առաջ, նրա ամուսինը հիմնական ժամանակը անցկացնում է Ռուսաստանում, տուն է վերադառնում Ամանորից առաջ և կրկին մեկնում է արտագնա աշխատանքների մարտին:

Մակգինեսի խոսքով` իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում հաճախ մեղադրում են կառավարությանը, որ վերջինս բավարար քայլեր չի ձեռնարկում արտագաղտի խնդիրները լուծելու համար:

«Իրավապաշտպաններն արտագաղթն անվանում է ազգային աղետ», – գրում է Մակգինեսը:

Նա նշում է, որ, համաձայն պաշտոնական տվյալների, գործազրկությունը երկրում շատ փոքր է` 7 տոկոս, սակայն այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գործազուրկների հիմնական մասը չի գրացնված և իրական թիվը մոտ է 30 տոկոսի:

Կառավարությունը հերքում է այդ թվերի ճշմարտացիությունը, սակայն լրագրողը նշում է, որ բոլորն են համաձայնում, որ ավելի քան 1 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում, մինչդեռ Հայաստանում մնացել է մոտ 3 միլիոն մարդ:

«Շատ դժվար է, քանի որ ամբողջ ընտանիքներ սպասում են, երբ են տան տղամարդիկ վերադառնալու: Մենք միայն ուզում ենք, Հայաստանում աշխատանք ունենալ, որպեսզի ընտանիքները միասին ապրեն և հայրերը տեսնեն, թե ինչպես են իրենց երեխաները մեծանում: Ընտանիքն ավելին է, քան մայրը: Մեզ այստեղ հայրերն էլ են պետք», – Ձորագյուղի բնակիչ Միլենա Ղազարյանի խոսքերով իր հոդվածը եզրափակում է  Դամիեն Մակգինեսը:

Tekali Taxi