Home / Հայաստան / Նորվեգիայում փնտրում են Բրեյվիկի տեսախցիկը. հնարավոր է` նա տեսագրել է իր գործողությունները

Նորվեգիայում փնտրում են Բրեյվիկի տեսախցիկը. հնարավոր է` նա տեսագրել է իր գործողությունները

Նորվեգիայի ոստիկանությունը հիմքեր ունի ենթադրելու, որ Անդերս Բրեյվիկը, ով մեղադրվում է Ուտոյա կղզում 69 մարդու սպանության մեջ, նկարահանել է իր գործողությունները, հայտնում է Sky News-ը` հղում կատարելով դատախազության ներկայացուցիչ Խրիստիան Հատլոյին:

Վերջինս նշել է, որ քննիչները մի շարք ապացուցներ ունեն, որ Բրեյվիկը 72 րոպե շարունակ տեսագրել է կղզում կատարվածը:

«Նա տեսախցիկ ուներ: Մենք այդ տեղեկատվությունը ստացել ենք ինչպես նրա մանիֆեստից, այնպես էլ հարցաքննության ժամանակ», – ասել է դատախազության ներկայացուցիչը:

Իր 1500 էջանոց մանիֆեստում, որը ինտերնետում է հայտնվել հուլիսի 22-ին` Օսլոյում իրականացված ահաբեկչությունից անմիջապես առաջ, Բրեյվիկը ծրագրում էր տեսագրել կղզու վրա իր հարձակումը, իսկ այնուհետև տեսագրությունն ուղարկել ԶԼՄ-ներին` հույս ունենալով, որ իր «վավերագրական ֆիլմը» կհայտնվի եթերում:

Ձերբակալության ժամանակ մարդասպանի մոտ տեսախցիկ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանությունը կարծում է, որ նա այն թողել է կղզում:

«Մենք փնտրում ենք նրա տեսախցիկը, սակայն առայժմ ապարդյուն», – ասել է Հատլոն: Նրա խոսքով` որոնողական աշխատանքները դժվարացնում է այն, որ կղզում ճամբարի 600 մասնակիցները բազմաթիվ տեսախցիկներ ու այլ տեխնիկա են թողել:

Tekali Taxi