Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի գործընկերների հետ քննարկել է` ինչպես խուսափել հեղափոխություններից

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի գործընկերների հետ քննարկել է` ինչպես խուսափել հեղափոխություններից

Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած գագաթաժողովի ժամանակ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները որոշ համաձայնություններ են ձեռք բերել, որոնք կարող են կտրուկ փոխել ՀԱՊԿ-ը: Նախկինում ամորֆ կազմակերպությունից այն կարող է վերածվել ամուր մի բլոկի, որը կարող է պայքարել ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների ղեկավարներին հուզող մի խնդրի` արաբական հեղափոխությունների ուրվականի դեմ, գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը:

Գագաթաժողովի բացման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հանդիպման գլխավոր թեման է լինելու «գլոբալ և տարածաշրջանային ռիսկերը ՀԱՊԿ երկրների անվտանգության համար` կապված աշխարհում ընթացող վերջին իրադարձությունների հետ»:

Այն բանից հետո, երբ վեց երկրների ղեկավարները երեք ժամ անցկացրեցին փակ դռների հետևում, լրագրողների մոտ դուրս եկած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուսը ՀԱՊԿ գործող նախագահն է) հաստատել է, որ հանդիպման հիմնական մասի ընթացքում իրենք քննարկել են, թե ինչպես ՀԱՊԿ-ը կարող է օգնել իրենց խուսափել Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի ճակատագրից:

«Հանդիպման հիմնական կետը եղել է այն, որ մենք պետք է ուժեղացնենք ՀԱՊԿ-ը: Կապված վերջին շրջանում աշխարհում տիրող իրավիճակի հետ, այդ թվում` արաբական երկրներում և Աֆրիկայի հյուսիսում, մեզ մոտ աշխատանքի բազմաթիվ ուղղություններ են ի հայտ եկել», – ասել է Լուկաշենկոն:

Հանդիպման կազմակերպման համար պատասխանատու ՀԱՊԿ անդամ երկրների դիվանագետները պատմել են «Կոմերսանտին», որ ՀԱՊԿ տարածքում հնարավոր հեղափոխությունների կանխարգելումը գագաթաժողովից առաջ տեղի ունեցած նախապատրաստական հանդիպումների հիմնական թեման է եղել:

Հաշվի առնելով Twitter և Facebook կայքերի դերը արաբական հեղափոխություններում` ՀԱՊԿ անդամ երկրների ցանկությունը միասնական ուժերով պայքարել կիբերվտանգների դեմ միանգամայն հասկանալի է, գրում է «Կոմերսանտը»: Դեռևս հունիսին Նուրսուլթան Նազարբաևը բարձրացրել է այդ հարցը` առաջարկելով «ազգային կիրբերսահմանների» պատեր կառուցել:

«Ամեն դեպքում, ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ արդեն իսկ մեծ փորձ են կուտակել, օրինակ` ընդդիմադիր կայքերը և սոցիալական ցանցերի արգելափակելու գործում, և պատրաստ են իրենց փորձը կիսել գործընկերների հետ», – գրում է «Կոմերսանտը»:

Tekali Taxi