Home / Հայաստան / 24 ժամ իշխանություններին. Ինչու են ձերբակալվել ՀԱԿ ակտիվիստները, պատմել է Մուսինյանը

24 ժամ իշխանություններին. Ինչու են ձերբակալվել ՀԱԿ ակտիվիստները, պատմել է Մուսինյանը

Օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին բերման ենթարկելու, իսկ այնուհետև ձերբակալելու ՀՀ ոստիկանության վարկածն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշել էր, որ ոստիկանները Կարապի լճի հարակից տարածքում շան հետ քայլող քաղաքացուն խնդրել էին շան վրա դնչկալ հագցնել, և ոստիկանների գործողություններին միջամտել էին ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը և Արտակ Կարապետյանը:

Արման Մուսինյանը, սակայն, ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը.

«Իրականում տեղի է ունեցել հետևյալը. Խնկո-Ապոր գրադարանի մոտ երկու կարմիր բերետավորներ խուզարկելիս են եղել մի քաղաքացու, նրանց է մոտեցել Արտակ Կարապետյանը և առաջարկել ներգրավվել որպես ընթերակա, խոսակցությունն ընթացել է շատ բարեկիրթ երկու կողմից էլ, սակայն, երբ զրուցողներին մոտեցել է Տիգրան Առաքելյանը և բարևել է ոստիկաններին, ոստիկաններից մեկի կողմից հնչել է հետևյալ ռեպլիկը. «Արա, սրան ես ճանաչում եմ, սրանք լևոնականներ են», որից հետո սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է մեր երկու համակիրների նկատմամբ դաժան բռնություն գործադրելով: Մյուս հինգ երիտասարդներն իրենց ընկերուհիների, մյուս ակտիվիստների հետ զբոսնելիս են եղել Ազատության հարպարակում, այդ պահին գտնվելիս են եղել «Ռիչ» սրճարանի մոտ: Նրանք տեսել են ոստիկանական ազդաշնաններով մեքենաների կուտակումը և կարմիր բերետավորների էնտեղ գնալը, մոտեցել են, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում, և ականատես են եղել հետևյալ տեսարանին. Տիգրան Առաքելյանը տապալված գետնին, կարմիր բերետավորներից մեկը ոտքը դրած նրա վրա, մի ձեռքով բարձրացրած Տիգրան Առաքելյանի ոտքը, և երկու բերտավորները հարվածում են Տիգրան Առաքելյանին ընկած վիճակում»:

Մուսինյանի խոսքով` մյուս ակտիվիստները փորձել են հանդարտեցնել ոստիկաններին` դիմելով բերտավորների հրամանատար Արթուր Տեր-Պողոսյանին, սակայն ոստիկաններին հանդարտեցնելու ջանեքերը ոչ միայն արդյունք չեն տվել, այլև սկսվել է բռնության կիրառում Կոնգրեսի հինգ երիտասարդների նկատմամբ:

Մուսինյանը նշել է, որ բռնություններ եղել են նաև ոստիկանության բաժին տանելու ճանապարհին: ՀԱԿ-ի մամուլի խոսնակի խոսքով` յոթ երիտասարդներին տարել են չորս մեքենայով, ակտիվիստները եղել են ձեռնաշղթաներով, և, դրանից օգտվելով, ոստիկանները սկսել են հարվածել երիտասարդներին:

Մուսինյանի ասուլիսին մասնակցում էին նաև այդ օրվա միջադեպի մասնակից 4 երիտասարդները` Արեգ և Վահագն Գևորգյանները, Սահակ Մուրադյանը և Դավիթ Քիրամիջյանը:

Վահագն Գևորգյանը պատմել է, որ բերման ենթարկվելու պահին մեքենայի մեջ ինքը եղել է Տիգրան Առաքելյանի հետ, որին կարմիր բերատավոր Տիգրան Ավետիսյանը սկսել է խեղդել:

Տեսնելով դա` Վահագնը սկսել է աղմկել, որպեսզի օգնի ընկերոջը: Մի պահ իր գործողությունները դադարեցնելուց հետո Ավետիսյանը դարձյալ փորձել է խեղդել Առաքելյանին:

Լրագրողները նշել են, որ, ոստիկանապետի խոսքով, Տիգրան Առաքելյանը կոտրել է ոստիկանի քիթը, ինչին Մուսինյանը պատասխանել է, որ բերետավորների գործողությունների հետևանքով Տիգրան Առաքելյանը շնչահեղձ լինելիս է եղել և, այս ու այն կողմ իրեն թափահարելով, հետ է գնացել, որի արդյունքում էլ, հավանաբար,  կոտրվել է ոստիկանի քիթը:

Ինչ վերաբերում է ոստիկանների ներկայացրած այն փաստին, որ երիտասարդները հայհոյել են իրենց, Արման Մուսինյանն ասել է, որ դա ակտիվիստների արձագանքն է եղել ոստիկանների բռնություններին և ապօրինություններին:

Ասուլիսի վերջում Մուսինյանը նշել է, որ երիտասարդներին ձերբակալելու փաստը շատ մեծ խոչընդոտ է սկսված երկխոսության ճանապարհին:

«Դեռ 24 ժամ ժամանակ  կա, և կապված, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը, մինչև վաղը` երկխոսության հաջորդ ռաունդի սկիզբը, մենք կկայացնենք համապատասխան որոշում», – ասել է Մուսինյանը:

Tekali Taxi