Գլխավոր / Հայաստան / Աշխատանքից ազատված ռեժիսորը շարունակում է պնդել, որ Սահակաշվիլին հայ է

Աշխատանքից ազատված ռեժիսորը շարունակում է պնդել, որ Սահակաշվիլին հայ է

Իշխանությունների պնդմամբ` «այլատյացություն պարունակող արտահայտությունների» համար աշխատանքից ազատված Ռուսթավելիի անվան թբիլիսյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան բացատրել է «Ամերիկայում տնկած» «հայ» Սահակաշվիլիի հասցեին հնչեցրած իր խոսքերի իմաստը`հայտարարելով, որ դրանք ճիշտ չեն հասկացվել, և վկայակոչել է Կաննի փառատոնի ժամանակ ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի հետ կապված սկանդալային պատմությունը:

«Թբիլիսին ներկայումս այնքան բազմազգ քաղաք է, ինչպիսին որևէ տեղ չկա: Այստեղ 100 մետր տարածքի վրա տեղակայված են մզկիթ, սինագոգ, հայկական և վրացական եկեղեցիներ…Այնպես որ իմ կողմից որևէ ազգայնականության դրսևորման մասին խոսք գնալ չի կարող: Այդ իսկ պատճառով սկսել եմ բացատրել»,-«Московский комсомолец»-ի հետ զրույցում հայտարարել է ռեժիսորը:

«Նա (Միխեիլ Սահակաշվիլի) կիսով չափ հայ է, և ես ասել եմ, որ օրինակ երբ որոշվում է սահմանի և տարածքների հարցը, քո արյունը ամեն դեպքում քո ազգի կողմն է: Անկախ քո ցանկությունից»,- պարզաբանել է Ստուրուան:

Նա նաև հաղորդել է, որ մեկ շաբաթ կլինի Թբիլիսիում, որպեսզի ավարտի թատրոնի հետ կապված աշխատանքները, այնուհետև կմեկնի Փոթիի մոտ գտնվող իր տուն հանգստանալու, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կընդունի Ալեքսանդր Կալյագինի Et Cetera թատրոնի ռեժիսորը դառնալու հրավերը: Բացի դա, Ստուրուային կարող են առաջարկել ղեկավարել նախկինում Յուրի Լյուբիմովի տնօրինության տակ գտնվող  Տագանկայի թատրոնը:

Հիշեցնենք, որ թատրոնի հայտնի գործիչը հարցազրույցներից մեկում ենթադրություններ էր արել նախագահ Սահակաշվիլիի ազգային պատկանելության վերաբերյալ:

Ռոբերտ Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:

«Բազմազգ Վրաստանը» պահանջել էր Ստուրուայից ներողություն խնդրել Վրաստանի նախագահից և երկրի բոլոր քաղաքացիներից, որոնք վիրավորվել են «անհանդուրժողական արտահայտությունից»:

Tekali Taxi