Գլխավոր / Հայաստան / Հայաստանում նոր օրենքով ցանկանում են սրել միջկրոնական հարաբերությունները. իրավապաշտպան

Հայաստանում նոր օրենքով ցանկանում են սրել միջկրոնական հարաբերությունները. իրավապաշտպան

ՀՀ խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքի նախագիծը պայքարի օրենք է, ոչ թե խղճի ազատության ապահովման մասին օրենք: Այս օրենքն ուղղված է ոչ առաքելական եկեղեցիների կամ կրոնական ուղղությունների դեմ: Այս մասին այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ Արդարադատության նախարարության կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Աստված չանի` այս օրենքն ընդունվի», – հայտարարել է Սաքունցը:

Նա օրենքի փոփոխության մի քանի կետ է մեջբերել` ցույց տալու համար, որ օրենքն իսկապես կրոնական կազմակերպությունների դեմ է, ինչը, իրավապաշտպանի խոսքով, ավելի է սրելու միջկրոնական հարաբերությունները Հայաստանում:

«Առաջին՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, թե որոնք են այն կրոնական կազմակերպությունները, որ գործում են Հայաստանի տարածքում, և թվարկվում է՝ ա) Հայ Առաքելական եկեղեցի և բ) այլ կրոնական կազմակերպություններ: Հաջորդ կետը վերաբերում է կրոնական կազմակերպությունների լուծարմանը, որի դեպքում ստացվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող լուծարվել, իսկ մնացած կազմակերպությունները կարող են լուծարվել, ինչն արդեն անհավասարություն է»,- ասել է Սաքունցը:

Իրավապաշտպանը նշել է, որ օրենքում առկա կետերից մեկի համաձայն` խղճի, կրոնի և համոզմունքի  ազատության արտահայտման իրավունքը  կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական  հասարակությունում՝ հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

«Այս սահմանափակումն իր մեջ ներառում է նաև հոգևորսության ոչ պատշաճ պրոսելիտիզմ և կրոնական կազմակերպությունների գաղտնի գործելու արգելքը: Սա ի՞նչ է նշանակում, որ դա վերահսկելու համար պետք է ստեղծվի հոգևոր ոստիկանությո՞ւն, այլ դեպքում` ինչպե՞ս կամ ո՞վ է պարզելու, թե որն է հոգևորսությունը»,- հավելել է իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով` արդեն գոյություն ունեցող սոցիակալան, տնտեսական, քաղաքական խնդիրների շարքում, այս օրենքի ընդունմամբ առաջ է գալու միջկրոնական լուրջ խնդիրներ, լինելու են դատավարություններ:

«Ես էլի եմ նշում՝ սա աբսուրդ է, որի նպատակն է պայքարել այլ կրոնական կազմակերպությունների դեմ», – ասել է Սաքունցը:

Tekali Taxi