Սերոբ Տեր-Պողոսյանի գործով անցնող տուժողները չեն հրաժարվել իրենց ցուցմունքներից
Մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել մինչև այժմ տեղի ունեցած 4 դռնփակ դատական նիստերի ընթացքում:
Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:
- Քանի՞ տուժող և վկա են ներգրավված այս գործին:
- 10 տուժող և 13 վկա:
- Քանիսի՞ն եք մինչ օրս հարցաքննել:
- Տուժողներից հարցաքննել ենք 5-ին:
- Ամբաստանյալի կողմից դատական նիստերի ժամանակ եղե՞լ է միջնորդություն` առողջության, դատավարական իրավունքների հետ կապված:
- Ոչ, չի եղել: Միջնորդությունների փուլը չի սկսվել: Նա դատավարության բավական կոռեկտ մասնակից է, ենթարկվում է դատարանի օրինական պահանջներին և ապացույցների հետազոտման սահմաված կարգին:
- Անչափահաս տուժողներից մեկի մայրը չի ցանկացել դատաքննության ժամանակ դիտել տեսանյութը և մասնակցել իր տղայի հարցաքննությանը, փոխարենը` ներկայացուցիչ-մանկավարժն է մասնակցել և դիտել:
- Դա ծնողի իրավունքն է:
- Նախաքննության ժամանակ այդ ծնողն ինչպիսի՞ դիրքորոշում ուներ: Գուցե ասվածը որոշակի ազդեցության հետևանքո՞վ է, կամ ինչո՞ւ հակասություն առաջացավ Ձեր և տուժողի ծնողի միջև, այսինքն` մեղադրանքի կողմի միջև:
- Մեղադրանքի կողմում, մեղադրողների և տուժողների դիրքորոշման միջև որևէ էական հակասություն չկա: Առ այս պահը հետազոտված ապացույցները հիմնավորում են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքները: Որևէ տուժող չի հրաժարվել իր ցուցմունքներից: Եվ հետո, գործին կցված են նաև իրեղեն ապացույցները` մեղադրանքները հիմնավորող տեսանյութերը, որոնք նույնպես հետազոտվում են դատարանում և առ այսօր որևէ մեկը դրանք չի վիճարկել: Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած դեպքին, ապա տվյալ դեպքում տուժողն ինքը չի ցանկացել, որ մայրը ներկա գտնվի տեսաերիզի դիտմանը, ինչին վերջինս համաձայնել է:
- Իր իսկ կողմից նկարահանված, պահպանված, իրեղեն ապացույց գործի նյութերում դրված տեսանյութերի ցուցադրման ժամանակ ռեակցիա ցույց տալի՞ս է:
- Դիտում ենք տեսանյութերը: Որոշ դեպքերում ինքն է մատնացույց անում, թե որ տեսանյութը ում է վերաբերում:
- Հնարավո՞ր է որ ինչ-որ փուլում դատական նիստը լինի դռնբաց:
- Դռնփակ լինելը պայմանավորված է գործի բացառիկությամբ, այսիքն` անձի սեռական անձեռնմխելիության առումով: Ամեն դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` դատական ակտի հրապարակումը կլինի դռնբաց: