Forbes ամսագիրը օգոստոսի 19-ին հրապարակել է ամենաբարձր համատեղ եկամուտ ունեցող աշխարհի հայտնի ամուսնական զույգերի վարկանիշային աղյուսակը:
Ամենահարուստ զույգերի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն են զբաղեցրել Ժիզել Բունդխենը և Թոմ Բրեյդին: Մոդելն ու ֆուտբոլիստը մեկ տարվա ընթացքում միասին վաստակել են 76 միլիոն դոլար: Ընտանեկան բյուջեում Բունդխենի ներդրումը կազմել է 45 մլն:
Երկրորդ հորիզոնականում են երգչուհի Բիոնսե Նոուլզը և նրա ամուսին, ռեփեր Jay-Z-ն: Զույգը մեկ տարվա ընթացքում 71 մլն է աշխատել, ի դեպ` եկամուտները գրեթե հավասար են բաշխվել:
Հոլիվուդի ամենահայտնի` Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգը համատեղ աշխատել է ավելի քան 50 մլն դոլար` գրավելով երրորդ հորիզոնականը: Ընդհանուր եկամտի կեսից ավելին` 30 մլն դոլարը, ապահովել է Ջոլին:
Իսկ չորրորդ հորիզոնականում են հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն ու նրա կինը` Վիկտորիան: Ընտանիքի համատեղ եկամուտը կազմում է 45 մլն դոլար, որոնցից 40-ն աշխատել է Դեյվիդը և ընդամենը 5 միլիոնը` Վիկտորիան, ով երգչուհու կարիերան փոխարինել է մոդելային գործունեությամբ: