Գլխավոր / Հայաստան / Երիտասարդ ակտիվիստները Սեֆիլյանին հրավիրել են Կոնգրեսի գրասենյակ

Երիտասարդ ակտիվիստները Սեֆիլյանին հրավիրել են Կոնգրեսի գրասենյակ

Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները պատրաստ են հանդիպել «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց ոչ Ազատության հրապարակում կամ «Ուրբաթ» ակումբում, ինչպես առաջարկել էր Սեֆիլյանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

«Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե պարզաբանումներ ունի մեզ տալու, ինչ-որ ասելիք ունի, մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպել և լսել նրան Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում, որի անդամ է նաև նրա ղեկավարած «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնությունը: Նրա առաջարկը հանդիպել Ազատության հրապարակում կամ «Ուրբաթ» ակումբում ցույց է տալիս, որ Ժիրայր Սեֆիլյանի ուզածը ընդամենը քարոզչական շոու է», – ասել է Գևորգյանը:

Նա վերահաստատել է ակտիվիստների պատրաստակամությունը լսելու նրա տեսակետները, եթե «նա դրանք մեզ հայտնելու ցանկություն ունի»:

«Իսկ եթե Կոնգրեսի գրասենյակը ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ է հարուցում, և նրան հարմար չէ, կարող ենք պայմանավորվել այլ վայրի մասին», – ասել է ՀԱԿ-ի ակտիվիստը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ակտիվիստների` օգոստոսի 9-ին բերման ենթարկվելուց հետո «Սարդարապատը» հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել երիտասարդներին, սակայն քննադատական արտահայտություններ թույլ տվել ՀԱԿ-ի ղեկավարների հասցեին: Իրենց պատասխան հայտարարության մեջ ՀԱԿ ակտիվիստները նշել են, որ «Սարդարապատի» անդամները փորձում են «սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի և նրա ղեկավար կառույցների միջև»:

Tekali Taxi