Գլխավոր / Հայաստան / Բացօթյա առևտրով զբաղվողների հույսն արտահերթ ընտրություններն են

Բացօթյա առևտրով զբաղվողների հույսն արտահերթ ընտրություններն են

Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիներին շարունակում են հետապնդել քաղաքապետարանի ներկայացուցիչները` թույլ չտալով առևտուր իրականացնել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է առևտրականներից Էմման:

Նրա խոսքով` բացօթյա առևտուր իրականացնողներից մի քանիսին տեղավորել են «Այրարատ» առևտրի կենտրոնի հարակից անցումային մասում: «Մի քանիսին տեղավորեցին էստեղ, մնացածը օդի մեջ են, չեն իմանում` ինչ անեն: Բայց լսել ենք նաև, որ պադզեմկեքն էլ են ուզում առնեն: Չգիտենք` ինչ պիտի անենք, հույսներս էն ա, որ մինչև տարվա վերջ մի բան փոխվի»,- ասել է տիկին Էմման: Epress.am-ի զրուցակից մի քանի այլ առևտրականներ էլ ասում էին, որ իրենց միակ հույսն արտահերթ ընտրություններն են:

«Տեսնենք ինչ ա լինում, չգիտենք` ոնց ենք ապրելու, հիմա էլ հույսներս մենակ արտահերթն ա, որ կարենանք մի քիչ շնչենք»,- ասում էին նրանք:

Հիշեցնենք, որ բացօթյա առևտուրն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ առևտրականները ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի շենքերի և ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպում հունվարից: Նրանք պահանջում են վերացնել արգելքը` նշելով, որ իրենք առևտուր են իրականացնում «մի կտոր հացի փող աշխատելու համար»: