Գլխավոր / Հայաստան / Ինչ էր գրել Քոչարյանը Էրդողանին ուղղված նամակում. բացահայտել է Wikileaks-ը

Ինչ էր գրել Քոչարյանը Էրդողանին ուղղված նամակում. բացահայտել է Wikileaks-ը

Wikileaks կայքը հրապարակել է 2005 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետը առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները: Հայաստանի պատասխանը ընդհանուր առմամբ էր ներկայացվել, նամակի տեքստը բացահայտված չէր:

Wikileaks-ն այսօր հրապարակել է Քոչարյանի նամակի տեքստը, ինչպես նաեւ այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունները:

«Հարգելի վարչապետ», – գրել է Հայաստանի նախագահը, – «Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ»:

Քոչարյանը գրել է, որ «կան հարեւան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել, որի մասին նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց ունենալու բաց սահմաններ, հաստատելու նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, անգամ եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները»:

«Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», – գրել էր Քոչարյանը, ընդգծելով, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ», – նշել է Ռոբերտ Քոչարյանը: – «Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չկարգավորված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»:

Այս փաստաթղթին Միացյալ Նահանգների` Հայաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը կցել է իր մեկնաբանությունները: Նա նշել է, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ` 1915 թվականի դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից` հակազդելու համար ցեղասպանության ճանաչմանը, հատկապես երբ միջազգային հանրության հետաքրքրությունը եւ ուշադրությունը ուժեղանում էր այդ հարցի նկատմամբ:

«Բայց առաջին անգամն է, որ նման առաջարկը արվում է գրավոր եւ ամենաբարձր մակարդակով», – նշում է Էվանսը, այնուհանդերձ լուրջ մտահոգություն հայտնելով նրանց լրջության եւ անկեղծության կապակցությամբ:

Իր մտահոգություններն ապացուցելու համար, դեսպանը նախ նշել է, որ մինչ Երեւան հասնելը, նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Երկրորդ՝ այն անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում` ցույց տալու համար, որ մերձեցման եւ հաշտեցման գործընթաց է ընթանում ու ԱՄՆ-ի որեւէ գործողության, ինչպես եւ Կոնգրեսի որեւէ բանաձեւի անհրաժեշտությունը չկա:

Էվանսը նշել է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով:

Իր մեկնաբանության ավարտին, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը գրել էր, թե մեծ հույս ունի, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին` նորմալացնելու հարաբերությունները:

Tekali Taxi