Գլխավոր / Հայաստան / Ինչ է պատմել Յովանովիչը Պետդեպին «խորամանկ» Տեր-Պետրոսյանի մասին

Ինչ է պատմել Յովանովիչը Պետդեպին «խորամանկ» Տեր-Պետրոսյանի մասին

2009 թվականի մայիսի 11-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը գաղտնի նամակ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որում նկարագրում է 2009 թվականի մայիսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի մանրամասները և Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նամակի բովանդակությունը ներկայացրել է Wikileaks կայքը:

«Ոստիկականական ուժերի ուժեղ հսկողության պարագայում Հայաստանի ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականի մայիսի 1-ին` Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ, կազմակերպեց երկրորդ հանրահավաքը, որի ժամանակ նա մեղադրեց նախագահ Սերժ Սարգսյանին իշխանության գլխին մնալու համար ցանկացած գին վճարելու մեջ, նույնիսկ Հայոց Ցեղասպանության ուրացման մեջ` վկայակոչելով նույն թվականի ապրիլի 22-ին Սարգսյանի այն հայտարարությունը, որով վերջինս իր աջակցությունն էր վերահաստատում հայ-թուրքական հարաբերությունները բարելավող արձանագրություններին:

Չնայած  ընդդիմությունը պնդում էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հանրահավաքին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գնահատմամբ` մարդկանց թիվը կազմել է 6-8 հազար», – գրում է Յովանովիչը:

Իր նամակում Յովանովիչը նշում է, որ ընդդիմությունը բողոքում էր այն փաստի առնչությամբ, որ ճանապարհները փակ էին և ընդդիմության համախոհները չէին կարողացել հասնել Երևան շրջաններից: ԱՄՆ դեսպանը գրում է, որ Հայաստանի ոստիկանապետն իր հետ զրույցում հերքել է այդ փաստը` նշելով, որ ոստիկանությունն արշավ է սկսել ապօրինի զենք և զինամթերք փնտրելու ուղղությամբ, այդ իսկ պատճառով մեքենաները կանգնեցվում են ստուգման համար: Նամակում նշվում է, որ Հայաստանի ոստիկանության նման միջոցառումները համընկնում են Երևանի ավագանու ընտրությունների հետ:

Յովանովիչը մեջբերում է հատվածներ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, որում ՀՀ առաջին նախագահը նշում է, որ ՀԱԿ-ը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, սակայն դեմ է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, նշանակում է «Հայոց Ցեղասպանության ժխտում»:

ԱՄՆ դեսպանը գրում է նաև, որ Տեր-Պետրոսյանի խոսքով` «Սարգսյանի հաջորդ քայլը լինելու է Լեռնային Ղարաբաղի վաճառքը»: Գաղտնի փաստաթղթում Յովանովիչը մանրամասն ներկայացնում է նաև ելույթի այլ հատվածներ, որոնք վերաբերում են ընդդիմության ակտիվիստների դատական գործերին (մասնավորապես, «7-ի» գործին) և Երևանի ավագանու սպասվող ընտրություններին:

Իր մեկնաբանության մեջ Մարի Յովանովիչը նշում է, որ Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում նախագահ Սարգսյանի հասցեին հնչող քննադատության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի տոնը պակաս կտրուկ էր, քան կարող էր լինել:

«ՀՀ առաջին նախագահը հիմնախնդրին ներգրավվածության համատեքստում քննադատեց նաև նախկին նախագահ Քոչարյանին և հայկական սփյուռքին: Այդուհանդերձ, դիտողությունները օգտակար չէին: Դրանք, իհարկե, արտացոլում են Հայաստանում լայն տարածում գտած այն կարծիքը, որ նախագահ Սարգսյանը խաբվել էր թուրքական դիվանագետների կողմից, որոնց հաջողվել է խուսափել Ցեղասպանության ճանաչումից, առանց փոխարենը որևէ բան տալու», – գրում է Յովանովիչը:

Նա նշում է, որ թեև «չի կարելի կանխատեսել խորամանկ նախկին նախագահի հեռահար ծրագրերը, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ նրա համախոհները կորցնում են ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ վստահությունը»:

Tekali Taxi