Գլխավոր / Հայաստան / Վրաստանի մշակույթի նախարարը ներողություն չի լսել հայերին վիրավորած ռեժիսորից

Վրաստանի մշակույթի նախարարը ներողություն չի լսել հայերին վիրավորած ռեժիսորից

Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուայի հայտարարության համաձայն, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան կարող է ներկայացումներ բեմադրել ինչպես Ռուսթավելիի անվան, այնպես էլ ցանկացած այլ վրացական թատրոնում: Այս մասին լատվիական «Телеграф»-ի հետ զրույցում ասել է Ռուռուան:

«Նա հեռացվել է Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, սակայն կարող է ներկայացումներ բեմադրել ինչպես Ռուսթավելիի, այնպես էլ ցանկացած այլ թատրոնում: Ստուրուային պաշտոնից ազատելու հրամանը ես եմ ստորագրել և արել եմ դա գործի բերումով: Վերջին շրջանում նա էթնիկ բնույթի մի քանի հայտարարություններ է արել: Տարօրինակ բաներ է ասել հայերի, թուրքերի և սևամորթների մասին: Այնպիսի բազմազգ պետության մեջ, ինչպիսին Վրաստանն է, նման արտահայտությունները կարող են վատ հետևանքներ ունենալ: Երբ նման հայտարարություններով հանդես է գալիս պարոն Ստուրուայի պես մարդը, դա վտանգավոր է և նման դեպքերում անհրաժեշտ է ամրագրել պետական դիրքորոշումը, այդ իսկ պատճառով ես նման քայլի եմ դիմել: Պետք է խոստովանեմ, որ այդքան էլ հաճելի չէր նման բան անելը: Ես գնահատում եմ նրան որպես ռեժիսոր, սիրում եմ նրա ներկայացումները և բազմիցս եմ դիտել դրանք: Նաև պետք է խոստովանեմ, որ վերջին շրջանում նա պասիվ շրջանում էր գտնվում Ռուսթավելիի թատրոնում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք ճիշտ ենք վարվել»,- հայտարարել է Ռուռուան:

Միաժամանակ մշակույթի նախարարն անդրադարձել է նաև ռեժիսորի այն հայտարարությանը, համաձայն որի թյուրըմբռնում է եղել, և որ իրեն «սխալ են հասկացել, որի հետևանքով նա հայտնվել է այնպիսի վիճակում, ինչպիսի Լարս ֆոն Տրիերը Կաննի փառատոնին»:

«Հավանաբար, Ստուրուային հաճելի է վայելել այնպիսի մարդկանց ընկերակցությունը, ինչպիսիք են Լարս ֆոն Տրիերը և մոդելյեր Ջոն Գալիանոն, որոնք նմանատիպ հարցով խնդիրներ են ունեցել: Սակայն երկուսն էլ ավելի ուշ ներողություն էին խնդրել, ի դեպ ոչ մեկ անգամ, իսկ Ստուրուայից մենք նման բան չենք լսել»,-հայտարարել է Ռուռուան:

Հիշեցնենք, որ թատրոնի հայտնի գործիչը հարցազրույցներից մեկում ենթադրություններ էր արել նախագահ Սահակաշվիլիի ազգային պատկանելության վերաբերյալ:

Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:

Նշենք, որ Ստուրուան վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նաև սևամորթների նկատմամբ:

Tekali Taxi