Գլխավոր / Հայաստան / Բանակում զոհված զինծառայողի ընտանիքը պայքարելու է ճշմարտությունն իմանալու համար

Բանակում զոհված զինծառայողի ընտանիքը պայքարելու է ճշմարտությունն իմանալու համար

2011թ. օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում զոհված Վարդան Սևյանի ընտանիքը վճռական է պայքարել որդու սպանությունը բացահայտելու համար: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Ծովինար Նազարյանը, ով 2010 թվականին բանակում սպանված Արտակ Նազարյանի քույրն է:

Նա միջոցառման էջ է բացել, ըստ որի սեպտեմբերի 3-ին, երեկոյան 17:30-19:30 Երևանի Կասկադ համալիրի հարակից տարածքում (Ալ. Թամանյանի արձանի մոտ) հանգանակություն է տեղի ունենալու զինվորի ընտանիքին աջակցելու համար:

Ֆեյսբուքյան էջում գրված է, որ Վարդան Սևյանի հայրը փախստական է, մայրը որբանոցում է մեծացել:

«Իրենց շարունակաբար օգնում են հարևանները: Բայց Ճամբարակում բոլորն էլ վատ պայմաններում են ապրում: Պետք է օգնել այդ ընտանիքին: Առաջարկում եմ գումար, հագուստ եւ կենցաղային տեխնիկա հանգանակել ընտանիքի համար»,- գրում է էջի հեղինակը:

Նշենք, որ, համաձայն ՊՆ-ի վարկածի, օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը (ծնվ. 1991թ., Ճամբարակի զինկոմիսարիատում հաշվառված) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:

Մեկ այլ խումբ էլ ստեղծվել է «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին զոհված տասնութամյա Աղասի Աբրահամյանի սպանության առթիվ:

Խմբի հեղինակները պահանջում են բացահայտել դեպքի բոլոր մանրամասները և տեղեկացնել հասարակությանն այդ մասին:

«Շարունակաբար տեղեկանալով այսպիսի ցավալի դեպքերի մասին` հայ երիտասարդը երկմտանքով է վերաբերվում ազգային բանակում ծառայելու փաստին: Շատերի մոտ այդ տարակուսանքը վերածվում է վախի, մինչդեռ վախը զինվորի ամենաառաջին թշնամին է»,- գրում են խումբը ստեղծած օգտատերերը:

Նշենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հաղորդմամբ, օգոստոսի 26- ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ/:

Tekali Taxi