Գլխավոր / Հայաստան / Դատարանում ինքնասպանության փորձ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ներկայացնում է Հելսինկյան ասոցիացիան

Դատարանում ինքնասպանության փորձ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ներկայացնում է Հելսինկյան ասոցիացիան

Երեկ Արաբկիրի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել 2010 թվականին ձերբակալված, 4 ավազակային հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստի մասին Հելսինկյան ասոցիացիայի հետ զրույցում պատմել է Արմեն Մարտիրոսյանի մայրը: Նրա խոսքով` իր որդին ինքնասպանության փորձ է կատարել, որը երրորդն է եղել այն պահից, երբ Մարտիրոսյանին ձերբակալել են:

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալել են 2010 հունվարի 19-ին:

Նրա մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Մոր խոսքերով՝ ոստիկանները գիշերը ժամը մեկից հետո, քաղաքացիական հագուստով, մոտ 10-15 հոգով առանց դուռը ծեծելու և ներկայանալու մտել են իրենց տուն և սկսել խուզարկել բնակարանը: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են այն ժամանակ, երբ նա գտնվում էր Գյումրիում և, համաձայն մոր խոսքերի, ամբողջ ճանապարհը՝ Գյումրիից Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունք, նրան ենթարկել են ծեծի և խոշտանգումների: Դրանից 2-3 օր հետո Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել են մանկական գաղութ, որտեղ և մայրը տեսել է իր որդու մարմնի վրա առկա կապտուկները: Մայրը հայտնել է, որ որդու երիկամները մոտ երկու ամիս արունահոսում էին:

Հելսինկյան ասոցիացիայի փոխանցմամբ, Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ խոշտանգումների ժամանակ նա շատ է վատացել և նրան տարել են պատուհանի մոտ ու ասել, որ իրեն պատուհանից դուրս կնետեն: Խոշտանգումներից փրկվելու համար Արմեն Մարտիրոսյանը գաղութում ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները:

Հելսինկյան ասոցիացիան հայտնում է, որ տեղեկություններ ունի նաև մյուս մեղադրյալների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին, սակայն ստույգ տվյալներ դեռևս չի կարողացել ներկայացնել:

Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է:

Tekali Taxi