Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությունն աջակցում է «Միլանո»-ի հետ կապված ապօրինություններին. սեփականատեր

Ոստիկանությունն աջակցում է «Միլանո»-ի հետ կապված ապօրինություններին. սեփականատեր

«Օլիմպ» կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութի շենքը քանդելուց անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել, և շենքի փլատակներից տեղի է ունենում գույքի թալան։

Իրադարձությունների զարգացման մասին մանրամասներ ներկայացրել է խանութի տնօրեն Հովհաննես Ղուկասյանը:

«Միլանո» խանութի շենքը վերջնականապես քանդվեց օգոստոսի 22-ին և շենքի փլատակների տակ մնաց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծաքանակ գույքը։ Ըստ Ղուկասյանի` օգոստոսի 21-ին, երբ դեռ շենքը կանգուն էր, ինքը հորդորում էր կասեցնել քանդման աշխատանքները, քանի դեռ չի պարզվել գործողությունների օրինականությունը, սակայն ոստիկաններն ու աշխատավորները այլ հրահանգ էին ստացել։

Այնուհետև Ղուկասյանը և փաստաբան Տ. Հայրապետյանը Կենտրոնի ոստիկանությունում մինչև գիշերվա ժամը երեքը հանցագործության մասին հաղորդում են տվել։ Քննիչը խոստացել է, որ հաջորդ օրը անձամբ կներկայանա և տեղում կծանոթանա գործի մանրամասներին։ Սակայն հաջորդ օրը, կիրակի, ոստիկանությունից ոչ ոք չեկավ, փոխարենը նորից փորձ արվեց քանդել «Միլանո» խանութի շենքը։ Երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին շենքը գետնին հավասարեցվեց։ Օգոստոսի 23-ին Հովհաննես Ղուկասյանին կանչել էին ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Հովհաննես Ղուկասյանը ներկայացրել է շենքում եղած գույքի ցանկն ու իրականացված գործողությունների անօրինականությունը։ Ոստիկանության ուղղած միակ հարցը Ղուկասյանին առկա գույքի վերաբերյալ ունեցած, ձեռքբերման հիմքերն էին։

«Ոստիկանության քայլերից և անգործությունից պարզ է դառնում, որ կա կոնկրետ շահագրգռվածություն Ավետիս Կարագուլյանի ապօրինություններին աջակցելու և  դրանք սատարելու հարցում», – ասված է «Օլիմպի» տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ղուկասյանի շահերի պաշտպանները հայտարարել են, որ պետությունը «Միլանո» խանութի շենքը` նկուղը, երկրորդ հարկը և ձեղնահարկը, ուղղակի նվիրել է կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ընկերությանը, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, պատկանում է սփյուռքահայ գործարար Ավետիս Կարագուլյանին:

Tekali Taxi