Գլխավոր / Հայաստան / Կառավարությունը հաշվի չառավ ֆիզիկոսների կարծիքը. Ֆիզիկայի ինստիտուտը դարձավ հիմնադրամ

Կառավարությունը հաշվի չառավ ֆիզիկոսների կարծիքը. Ֆիզիկայի ինստիտուտը դարձավ հիմնադրամ

Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի:

Կառավարություն նաև հաստատել է հիմնադրամի կանոնադրությունը։

Համաձայն ՀՀ կառավարության կայքի, հիմնադրամի գործունեության հիմնական առարկան է միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը։

Ավելի վաղ Ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արա Սեդրակյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծվող հիմնադրամը ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը:

«Ինքը մեզ հետ ոչ մի քննարկում չի ունեցել, պատահական ենք իմացել, որ այդպիսի նախագիծ ունեն: Հիմնադրամը մասնավոր կառույցի է վերածվելու, որտեղ որոշումներ կայացվելու են հոգաբարձուների խորհրդի կողմից: Փորձելու են ինչ-որ տեղերից գրանտներ ստանալ, փողեր աշխատել: Հոգաբարձուների խորհուրդը կարող ա ամեն ինչ փոխի, և քանի որ իրենք պրոֆեսիոնալներ չեն, չենք կարող ասել` ինչ կլինի: Երիցյանը առհասարակ ոչինչ չգիտի ֆունդամենտալ գիտության մասին, արտասահմաններում ինչ-որ կիսատ-պռատ բաներ ա սովորել: Ինքը տնտեսագետ ա, նախկին էկոնոմիկայի նախարար, հիմա էլ Կենտրոնական բանկի աշխատակից ա, չգիտես` ինչի ա որոշել զբաղվել ֆիզիկայով, ոչ ոք չի հասկանում: Ինքը թերի կրթություն ստացած մարդ ա, տրամաբանական տեսանկյունից ակնհայտորեն խնդիրներ ունի», – նշել էր Սեդրակյանը:

Tekali Taxi