Գլխավոր / Հայաստան / Ալիևի բացակայությունն օգնեց Սերժ Սարգսյանին խուսափել միջազգային սկանդալից. «ՄՆ»

Ալիևի բացակայությունն օգնեց Սերժ Սարգսյանին խուսափել միջազգային սկանդալից. «ՄՆ»

Սեպտեմբերի 3-ին Դուշանբեյում կայացած ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթաժողովի հաջողությանը բոլորովին չխանգարեց Ուզբեկստանի, Ադրբեջանի և Բելառուսի նախագահների բացակայությունը, «Մոսկովսկիե նովոստի» թերթում գրում է Արկադի Դուբնովը:

«Բաքվից դեռ մի քանի շաբաթ առաջ հայտնեցին, որ Իլհամ Ալիևը չի կարողանա Դուշանբե ժամանել: Այնտեղ այս քայլը ոչ պաշտոնապես պատճառաբանեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ, ինչն անհնարին էր դարձնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նոր հանդիպումը, իսկ դա նշանակում է, կիմաստազրկեր գագաթաժողովին մասնակցությունը: Սակայն գագաթաժողովից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը զանգահարել է Տաջիկստանի իր գործընկերոջը և ևս մեկ անգամ ներողություն հայցելով, հայտնել, որ հենց այդ օրերին իր աղջկան է ամուսնացնում»,- գրում է Դուբնովը:

Լրագրողի կարծիքով, սակայն, Ադրբեջանի նախագահի բացակայությունը, գուցե, անգամ դրական ազդեցություն ունեցավ, «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ սուր ելույթից հետո միջազգային սկանդալից խուսափել հնարավոր չէր լինի»:

«Նա հայտարարեց, որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերականգնել է 1918-1919 թվականների իր սահմանները, այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղը բոլոր հիմքերով օգտագործում էր ինքնորոշման իր իրավունքը և «արյան գնով նվաճեց գոյության իր իրավունքը»: Դա ստիպեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար, վարչապետ Արթուր Ռասիզադեին երկրորդ անգամ խոսքի իրավունք խնդրել` «հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն» ընդգծելու համար: Հարցի էությունը կայանում է նրանում, որ  «ԱՊՀ անդամ երկրներից մեկը ագրեսիա ցուցաբերեց մյուսի նկատմամբ, օկուպացրեց տարածքների 20 տոկոսը, ինչի արդյունքում մեկ միլիոն մարդիկ տեղահանվեցին և փախստական դարձան»:

«Միգուցե, մենք հենց հոբելյանական նիստի ժամանա՞կ քվեարկենք Լեռնային Ղարաբաղի անկախության համար»,- հեգնանքով ասել է Ադրբեջանի վարչապետը:

Այս արտահայտությունը Ռասիզադեն հնչեցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` ԱՊՀ երկրների 20-րդ հոբելյանին նվիրված եզրափակիչ խոսքից մի քանի րոպե անց. «ԱՊՀ-ն բավական կարևոր գործ է կատարել, բոլորի համար ընդունելի,  միջազգային իրավունքի և ինքնիշխան հավասարության վրա հիմնված նոր հարաբերություններ են հաստատվել»,- ասել է Նազարբաևը

Ղարաբաղյան հակամարտության գործընթացը հովանավորող Դմիտրի Մեդվեդևը նույնպես կանգ չառավ ԱՊՀ երկրների ներսում գոյություն ունեցող խնդիրների վրա: Նա միայն կոչ արեց գործընկերներին փակել «երկրների ներքին գործերին ցանցկացած օտար ուժի միջամտության ճանապարհը»: Նա նկատի ուներ ԵԱՀԿ միջազգային դիտորդներին. որոնք քաղաքականացված մոտեցում են ցուցաբերում և կրկնակի չափանիշներ» են կիրառում ԱՊՀ երկրներում տեղի ունեցող ընտրությունների նկատմամբ: Մեդվեդևը կոչ է արել ամրապնդել ԱՊՀ երկրների համապատասխան դիտորդների դերը»,- եզրափայում է Դուբնովը:

Tekali Taxi