Գլխավոր / Հայաստան / «Դժվար է հավատալ…». Ինչպես է ԱՄՆ-ն գնահատել Երևանի ավագանու ընտրությունները

«Դժվար է հավատալ…». Ինչպես է ԱՄՆ-ն գնահատել Երևանի ավագանու ընտրությունները

2009 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնն ԱՄՆ Պետդեպ է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որում վերլուծության է ենթարկում 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երևանի  ավագանու ընտրությունները՝ նշելով, որ վերլուծության ընթացքում հետաքրքրական մի շարք եզրակացությունների կարելի է հանգել:

WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում ամերիկացի դիվանագետը նշում է, որ ընտրողների մասնակցության տոկոսը հատկապես բարձր է եղել այն ընտրատեղամասերում, որտեղ ամենից շատ են խախտումներ և ընտրակեղծիքներ գրանցվել: Դա, մասնավորապես, վերաբերում է Մալաթիա-Սեբաստիային, ինչպես նաև Աջափնյակի և Շենգավիթի մի մասը ծածկող ամենախնդրահարույց 7-րդ և 8-րդ տարածքային ընտրական հանձնաժողովներին, որտեղ 66 ընտրատեղամասերից 40-ում ընտրողների մասնակցությունը կազմել է 60 տոկոսից ավելին, ինչը անկհայտ բարձր է ամբողջ քաղաքում գրանցված միջին ցուցանիշից՝ 53.5 տոկոս:

Փենինգթոնը նշում է, որ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը, ընդհակառակը, լավ արդյունքներ է ցուցադրել այն ընտրատարածքներում, որտեղ մասնակցությունը ցածր է եղել: Ամերիկացի դիվանագետը նշում է, որ դա, հավանաբար, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այդ տեղամասերը լցոնումների և այլ տիպի ընտրակեղծիքների հիմնական թիրախ չեն հանդիսացել:

«Վերջիվերջո, մենք երբեք չենք իմանա` որքան ձայն է Հանրապետական կուսակցությունն իրականում հավաքել, և որքան՝ ընտրակեղծիքների արդյունքում: Այնուամենայնիվ, մեզ համար դժվար է հավատալ, որ ՀՀԿ-ի ստացած ձայների 40 տոկոսը, ինչը հնարավորություն է տվել նրանց մեծամասնություն կազմել ավագանիում և առաջադրել քաղաքապետի թեկնածուին, հավաքել է արդար ճանապարհով: Մեզ նաև դժվար է հավատալ, որ ՀԱԿ-ը հաղթել է միայն 5 ընտրատեղամասում, ինչն ակնհայտորեն ցածր է 2008 թվականի նախագահական ընտրությունների ցուցանիշից, երբ ընդդիմությունը հաղթել էր 80-ից ավելի ընտրատեղամասերում», – իր մեկնաբանությունն է ներկայացնում Փենինգթոնը:

Tekali Taxi