Գլխավոր / Հայաստան / Իրավապաշտպանը չի ստորագրել հայտարարությունը Ղարաբաղում ծառայողների համար

Իրավապաշտպանը չի ստորագրել հայտարարությունը Ղարաբաղում ծառայողների համար

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը զարմացած է, որ իրավապաշտպան կազմակերպություններն իրեն խնդրել են ստորագրել հայկական բանակին վերաբերող իրենց հայտարարության տակ: Այս մասին իրավապաշտպանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Երեկ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են բանակում տիրող իրավիճակին, մարդկային զոհերին և պահանջում են ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանից գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:

Դանիելյանի խոսքով` մինչ այս «իրեն երբեք չէին համոզում» միանալ այլ իրավապաշտպանական նախաձեռնություններին, ինչպես նաև այլ իրավապաշտպանները չեն միացել իր նախաձեռնած ակցիաներին, որոնք վերաբերել են հայկական բանակում առկա կոնկրետ խնդրին` Լեռնային Ղարաբաղում հայաստանցիների ծառայելու փաստին:

Դանիելյանը նշել է, որ հրաժարվել է միանալ հայտարարությանը, ինչի մասին ասել է իրեն զանգահարած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանին, «Հյուս» ՀԿ-ի ներկայացուցիչ Լալա Ասլիկյանին և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Դանիելյանի խոսքով` նա խնդրել է հայտարարության մեջ կետ մտցնել, համաձայն որի «պետք է արգելվի Հայաստանի քաղաքացիներին ծառայել ԼՂՀ-ում և զավթված տարածքներում»:

«Դա պետք է իրավական դաշտ մտցնել: Օրինակ, եթե Հայաստանն ընդունի ԼՂՀ անկախությունը և ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիր կնքի, ապա այդ ժամանակ հայաստանցիները կարող են իրավական հիմքերով ծառայել Լեռնային Ղարաբաղում, իսկ այժմ նրանք զրկված են իրավունքներից և դրա պատճառով պաշտպանված չեն», – ասել է Միքայել Դանիելյանը:

Դանիելյանը նաև համաձայն չի եղել այն կետի հետ, որով 1 ամսյա ժամկետում իրավապաշտպանները պատրաստ են պահանջել  ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը:

«Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, Պաշպանության նախարար, նրա օրոք էլ խնդիրներ եղել են, թեև, գուցե, այսքան մեծ հնչեղություն չեն ստացել: Այնպես որ, նա կարող էր այդ խնդիրները վաղուց լուծել: Իսկ այժմ, պահանջելով նման բան, իրավաշտպաններն իրենց լյուֆտի մեջ են գցում», – նշել է Դանիելյանը:

Նա հավելել է, որ իր առաջարկները հայտարարության մեջ չեն ներառվել, այդ իսկ պատճառով ինքը հրաժարվել է ստորագրել այն:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահը կարևորել է հինգշաբթի զոհված զինվորների մայրերի բաց նամակը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում նրանք հարցնում են Օհանյանին. «Պարոն նախարար, խնդրում ենք պատասխանել` որ օրենքով է կարգավորվում ՀՀ քաղաքացու զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում»:

«Պարզվում է, որ բանակում զոհված զինվորների մայրերն ավելի իրավապաշտպան են, քան իրավապաշտպան հ/կ-ների նախագահները», – հավելել է Դանիելյանը:

Tekali Taxi