Գլխավոր / Հայաստան / Դատարանում քննել են սպանված Զարուհի Պետրոսյանի նամակները

Դատարանում քննել են սպանված Զարուհի Պետրոսյանի նամակները

Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Զարուհի Պետրոսյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում քննվել է Զարուհի Պետրոսյանի երկու ձեռագիր նամակները, որոնցից մեկը նա գրել է աջ, մյուսը` ձախ ձեռքով:

Ինչպես Epress.am-ին հայտնել է «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կամավոր Քնարիկ Մկրտչյանը, նիստի ժամանակ երկար քննարկում ծավալվեց. նշված նամակների հիման վրա քննարկվում էր Զարուհու` կոտրվածքներ ունենալ-չունենալու հարցը: Այնուհետև պաշտպանվող կողմի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին` պատճառաբանելով, որ դատարանը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել իրենց, որպեսզի իրենք ներկայացնեն Վճռաբեկ դատարան:

Դատավորը մերժեց ինքնաբացարկի դիմումը` համարելով, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են: Ինչպես նաև մեղադրող կողմը հանդես եկավ այդ ինքնաբացարկի դեմ, որից հետո պաշտպանվող կողմը մեղադրանք հնչեցրեց, ըստ որի դատավորը կողմնակալ որոշում է կատարել:

Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը, և արդեն հաջորդ նիստին դատարան է հրավիրվելու բժշկական հետազոտություններ կատարող բժիշկը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թ. հոկտեմբերի 1-ին` ամուսնու Յանիս Սարկիսովի և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի հետևանքով: Կնոջ մահից հետո  7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի քննությանը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման դեպքերը Հայաստանում չկրկնվեն:

Tekali Taxi