Գլխավոր / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ին հանրահավաքին. Մաս 2

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ին հանրահավաքին. Մաս 2

* * *

Անցնելով ՀՀ Ազգային Ժողովի օրինակարգության խնդրին, ուզում եմ միանգամից զգուշացնել, որ ես չեմ պատրաստվում մանրամասնորեն ձեզ ներկայացնել դրա բացակայության բոլոր իրավական հիմքերը, այլ, այս դեպքում եւս, հարկ եմ համարում կանգ առնել միայն դրան առնչվող ամենաառանցքային հարցի վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե սովորական օրենքների, այլ, այս անգամ արդեն, Սահմանադրության խախտման մի արտառոց երեւույթի, որը, սիստեմատիկ բնույթ կրելով, պարզապես խարխլում է Ազգային Ժողովի՝ որպես պետության օրենսդիր մարմնի բացառիկ իրավազորության հիմքերը եւ անիմաստ դարձնում նրա գոյությունը։ Ինչպես պարզվում է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության ս.թ. օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթից, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խստիվ սահմանում է, որ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»։

Անշուշտ, ձեռնարկատեր-պատգամավորներից ոմանք կպատճառաբանեն, թե իբր իրենց ունեցվածքը հանձնել են հավատարմագրային կառավարման, բայց մի կողմից՝ նրանց մեծագույն մասը երեքուկես տարվա ընթացքում անձամբ հազարավոր գործարքներ է կնքել, փաստաթղթեր ստորագրել ու բանկային գործողություններ կատարել, մյուս կողմից՝ անգամ իրապես իրենց ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնած պատգամավորները շարունակել են շահույթ ստանալ, իսկ երրորդ կողմից, որ ամենակարեւորն է, Սահմանադրությունը, ձեռնարկատեր-պատգամավորի ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում, նրա մանդատը ճանաչելու դրույթ չի պարունակում։ Այսինքն, եթե ձեռնարկատերը, սեփական ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո, պատգամավորի իր կարգավիճակը պահպանելու իրավունք ունենար, ապա այդ իրավունքը պետք է անպայման հստակորեն ամրագրված լիներ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածում, ինչպես արված է գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարող պատգամավորների պարագայում։

Օրինականության եւ սկզբունքի տեսակետից, իհարկե, կարեւորը իրավախախտ պատգամավորների թիվը չէ, այլ բուն երեւույթը, քանի որ եթե 76-ի փոխարեն այդպիսի մեկն էլ լիներ, նա անմիջապես պետք է զրկվեր իր մանդատից։ Սակայն, եթե ոչ օրինականության կամ սկզբունքի, ապա Ազգային Ժողովի գործառութային իրավազորության տեսակետից, 76-ն այնպիսի մեծ թիվ է, որը ոչ մի պարագայում չի կարելի անտեսել, եւ նկատի չունենալ նրա աղետալի հետեւանքները։ Հաշվի առնելով, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորները կազմում են Խորհրդարանի անդամների 58%-ը, իսկ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ Այդ իրողությունը, սակայն, իրականում շատ ավելին է նշանակում՝ այն է, որ 2007 թվականից ի վեր Ազգային Ժողովի կողմից ընդունված բոլոր օրենքներն անվավեր են եւ չեղյալ պետք է համարվեն։

Ինչպես իրավացիորեն նշված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթում, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորների առկայության պատճառով Ազգային Ժողովը փաստորեն վերածվել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, այսինքն՝ անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կազմակերպության, որը չի կատարում ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի իր հիմնական գործառույթը եւ, նկատի ունենալով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից, զրկվել է իր բացառապես քաղաքական ու օրենսդիր բովանդակությունից եւ գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դառնալով կառավարության կցորդն ու նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչը (էջ 2, 60)։

Ապշել կարելի է, թե տարիներ շարունակ պատկան մարմինները կամ պետական իշխանության բարձրագույն ատյանները ինչպես են հանդուրժել Սահմանադրության զանգվածային խախտման այս խայտառակ փաստը։ Որո՞նք են այդ պատկան մարմինները կամ պետական իշխանության բարձրագույն ատյանները։ Առաջին հերթին, բնականաբար, ինքը Ազգային Ժողովը, որը պարտավոր էր իր գումարած առաջին իսկ նիստում, Սահմանադրության 67-րդ հոդվածին համապատասխան, բոլոր ձեռնարկատեր-պատգամավորներին զրկել իրենց մանդատներից։ Սակայն նկատի ունենալով այն, որ ոչ ձեռնարկատեր պատգամավորներն Ազգային Ժողովում փոքրամասնություն են կազմում, նրանք չէին կարող եւ այսօր էլ ի զորու չեն որոշում ընդունել այդ խնդրի վերաբերյալ։ Այսինքն ստեղծվել է մի փակուղային վիճակ, ինչը նշանակում է, որ Ազգային Ժողովն ուղղակի բռնազավթված է օլիգարխիայի կողմից։ Ազգային Ժողովին համահավասար կամ նրանից ավելի, այս խախտումը պետք է հուզեր եւ վրդովեցներ Հանրապետության նախագահին, որը, Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է հետեւել «Սահմանադրության պահպանմանը» եւ ապահովել «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։ Բայց ի՞նչ հետեւելու կամ ապահովելու մասին կարող է լինել խոսքը, երբ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի։ Եւ վերջապես, նշված խախտումը պետք է դառնար Սահմանադրական դատարանի քննության առարկան, ինչը, սակայն, նույնպես տեղի չի ունեցել։ Թեեւ վերջինս դա կարող է պատճառաբանել ընթացակարգային սահմանափակումներով, մասնավորապես, համապատասխան դիմումի բացակայության հանգամանքով, սակայն միեւնույն է, այդպիսի պատճառաբանությունը նրան չի ազատում, եթե ոչ իրավական, ապա թեկուզ բարոյական պատասխանատվությունից։ Ի՞նչն է Սահմանադրական դատարանին խանգարում, օրինակ, ի նշան բողոքի սահմանադրախախտության այս ճչացող երեւույթի դեմ, իր ողջ կազմով հրաժարական տալ, ինչպես, ասենք, 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման առիթով քաջաբար վարվեցին ՀՀ ինը ազնիվ դիվանագետներ եւ գլխավոր դատախազի տեղակալներից մեկը։ Այդ խորհրդանշական քայլը, իրավական պետության կայացման եւ իրավագիտակցության արմատավորման տեսակետից, շատ ավելի մեծ օգտակարություն կունենար, քան Սահմանադրական դատարանի ողջ նախորդ գործունեությունը։ Թերեւս ես իդեալիզմի գիրկն եմ ընկնում, բայց համոզված եմ, որ առանց իդեալիզմի՝ իրավական, ժողովրդավարական եւ բարոյական պետություն կառուցել հնարավոր չէ։

ՀՀ Ազգային Ժողովի օրինակարգության հարցին բոլորովին մի այլ կողմից է մոտեցել Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ), 2008թ. ապրիլի 17-ին ընդունած իր Թ. 1609 բանաձեւում նշելով հետեւյալը. «Ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է՝ իրենց գործառույթները կատարելիս լիովին ապավինելու ժողովրդավարական չափանիշներին, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Մասնավորապե՛ս, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է՝ որպես հարթակ ծառայել տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար։ Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը։ Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային Ժողովում» (§6–6.1)։

* * *

Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ոչ օրինակարգ լինելու բացահայտ իրողությունից բացի, Հայաստանում մեծ հարցականի տակ է նաեւ դատական իշխանության օրինակարգությունը, որովհետեւ խախտված է նրա անկախության՝ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքը (հոդված 94)։ Ի՞նչ անկախության մասին կարող է լինել խոսքը, երբ ՀՀ Վճռաբեկ դատարանի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010 թվականին Հայաստանի դատարանները կայացրել են դատապարտման 4402 վճիռ (99.23%) եւ արդարացման ընդամենը 34 վճիռ (0.77%), իսկ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարաններ ներկայացված 3570 միջնորդություններից բավարարվել է 3474-ը (96.19%) եւ մերժվել ընդամենը 136-ը կամ 3.81%-ը (տե՛ս «ՀԺ». 20.05.2011)։ Եթե որեւէ ուրիշ հիմնավորում չլիներ անգամ, ապա միայն այս թվերն ինքնին, ակնհայտորեն, ցույց են տալիս, որ Հայաստանի դատարանները արդարադատության իրականացման մարմիններից ուղղակի վերածվել են հակաժողովրդական պատժիչ ատյանի, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց գործադիր իշխանության մշտական թելադրանքի՝ իրողություն, որը նույնպես տեղ է գտել ԵԽԽՎ վերոհիշյալ Թ. 1609 բանաձեւում. «Հակառակ հաջող օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռեւս զուրկ են անհրաժեշտ անկախությունից՝ որպես անաչառ իրավարար հասարակության վստահությունը շահելու համար։ …Դատական անկախության բացակայության արտահայտությունն է նաեւ այն փաստը, որ դատարանները չեն վիճարկում մարդկանց նախնական կալանքի ենթարկելու անհրաժեշտությունը եւ հիմնականում բավարարում են դատախազների համապատասխան դիմումները՝ առանց պատշաճորեն քննելու նրանց հիմքերը» (§6.3)։ Նման եւ ավելի խիստ գնահատականներ են տրված նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2009 եւ 2010 թվականների տարեկան զեկույցներում, ինչպես, օրինակ, «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ …Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարեւոր, զգայուն գործերով»։

Ես չեմ ուզում ավելի ծավալվել դատարանների անկախության բացակայության հարցի շուրջ, որովհետեւ այն հանգամանորեն քննության է ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ի արդեն բազմիցս վկայակոչված փաստաթղթում (էջ 34–37)։ Միայն հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը։ Այն, որ անկախ չեն սովորական դատարանները, ինչպես ասում են, դեռեւս դժբախտության կեսն է։ Իսկ որ, ինչպես տեսանք, անկախ չէ նաեւ Սահմանադրական դատարանը, դա արդեն, կարելի է ասել, պետության վերջն է։ Ի դեպ, ՀՀ Սահմանադրական դատարանի կախվածությունը գործադիր իշխանությունից անվիճելի իրողություն է նաեւ ամերիկյան դիվանագետների տեսակետից, ինչի մասին վկայում են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ի, 2008թ. մարտի 14-ի եւ 2009թ. մայիսի 19-ի՝ «Wikileaks»-ում հրապարակված զեկուցագրերը։

* * *

Այսպիսով, թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, եւ թե՛ դատական իշխանությունների ոչ օրինակարգությունն այլեւս մի այնպիսի անառարկելի իրողություն է, որ հրատապ անհրաժեշտություն եւ անհետաձգելի խնդիր է դարձնում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը։ Եթե դրա վերաբերյալ ոմանց մոտ դեռեւս ինչ-որ կասկածներ կային, դրանք վերանում են Wikileaks-ի վերջերս հրապարակված փաստաթղթերի լույսի ներքո։ Ես նկատի ունեմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ ՀՀ Սահմանադրական դատարանի վրա գործադրված ճնշումներին վերաբերող տեղեկությունները եւ մանավանդ այն սենսացիոն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գնահատականներով, 2008թ. նախագահական ընտրություններում ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել (տե՛ս «ՀԺ». 6.09.2011)։ Իսկ թե ինչու է ԱՄՆ կառավարությունը, այս բանն իմանալով հանդերձ, թիկունք կանգնել չընտրված նախագահին եւ, դրան զուգահեռ, ժողովրդավարության դասեր տվել մեզ, դա արդեն ուրիշ հարց է, որը չեմ էլ ուզում մեկնաբանել։

Սահմանադրական կարգի վերականգնման հարցը մենք փորձեցինք լուծել իշխանությունների հետ ձեռնարկված քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով, որը, սակայն, ինչպես ձեզ հայտնի է, ժամանակավորապես առկախված է Հայ Ազգային Կոնգրեսի դեմ անցյալ ամսին սանձազերծված ոստիկանական հալածանքների նոր ալիքի եւ մեկ քաղբանտարկյալի առկայության պատճառով։ Երկխոսության եւ քաղբանտարկյալների առկայության անհամատեղելիությունը մեզ համար, իսկ ինչպես վերջերս պարզվեց, նաեւ նախագահ Օբամայի համար, սկզբունքի հարց է, որից մենք երբեք չենք կարող հրաժարվել։ Եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության եւ Կոնգրեսի երիտասարդության միջեւ տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ լինելով վերջինիս ընթացքից։ Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով, ես ամենեւին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում։

Մեզ համար իսկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից։ Հետեւաբար, երկխոսության առկախումը, կամ նույնիսկ նրա վերջնական դադարեցումը, մեր ծրագրերը չի փոխում, եւ մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ։ Եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը եւս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին»։

 

Tekali Taxi