Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականի մարզիչը` հրավիրված և վնասված ֆուտբոլիստների մասին

Հայաստանի հավաքականի մարզիչը` հրավիրված և վնասված ֆուտբոլիստների մասին

«Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ազգային ընտրանու մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նշել է, որ մինչև Սլովակիայի և Անդորրայի հանդիպումները Օզբիլիսը վնասվածքի պատճառով չէր խաղում իր ակումբում և միայն այժմ սկսել է մարզվել թիմի հետ:

Ինչ վերաբերում է վերջին երկու խաղերից առաջ Հայաստանի հավաքական հրավիրված, բայց չժամանած Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանին, ապա Մինասյանը ցանկացել է կարճ պատասխանել լրագրողի հարցին.

«Մենք հրավիրեցինք, նա չեկավ»:

Ասուլիսի ընթացքում լրագրողները ևս մեկ անգամ խնդրել են պարզաբանել Թումասյանի հետ կապված իրավիճակը:

Մարզիչը նշել է, որ հրավիրելուց հետո ֆուտբոլիստն ասել է, որ կժամանի հավաքական, սակայն հետո դա չի արել, և առաջարկել է հարցերն ուղղել Թումասյանին:

Հոկտեմբերին կայանալիք Մակեդոնիայի և Իռլանդիայի հանդիպումներից առաջ Հայաստանի հավաքականը կենտրոնական պաշտպանի գոտում խնդիր ունի, քանի որ որակազրկված է Հրայր Մկոյանը: Այդ կապակցությամբ մարզիչը նշել է, որ կենտրոնական պաշտպաններից մեկի դիրքում կխաղա Վալերի Ալեքսանյանը, իսկ մյուսը կլինի Ռոբերտ Արզումանյանը, եթե ապաքինվի վնասվածքից:

«Եթե Արզումանյանը չկարողանա խաղալ, ապա կփորձենք այլ տարբերակներ գտնել», – ասել է Մինասյանը:

Նա նաև նշել է, որ Սլովակիայի հետ խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանն արդեն ապաքինվել է և իր ակումբի` ռուսաստանյան «Կրասնոդարի» կազմում կմասնակցի հերթական հանդիպմանը:

Tekali Taxi