Գլխավոր / Հայաստան / Վրաց եկեղեցին նշում է Շուշանիկ հալածյալի հիշատակի օրը

Վրաց եկեղեցին նշում է Շուշանիկ հալածյալի հիշատակի օրը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Հայ և Վրաց եկեղեցիներում պաշտելի սրբուհի, Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հիշատակի օրը:

Այս առնչությամբ Վրաստանի բոլոր գործող եկեղեցիներում տոնական պատարագներ կիրականացվեն: Այս տոնը հատուկ կերպով է նշվում Մետեխիի տաճարում, որտեղ հանգչում են սրբուհու մասունքները:

Շուշանիկը հանուն հավատի զոհվել է 5-րդ դարում: Քրիստոնեական ընտանիքում մեծացած Շուշանիկը մանկուց աստվածապաշտ է եղել: Շուշանիկն ամուսնանում է Գուգարաց Վազգեն (Վարսքեն) բդեշխի հետ, սակայն  քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ:

Շուշանիկը հրաժարվում կիսել ամուսնու հավատուրացությունը: Բդեշխը Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի: Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է: