Home / Հայաստան / Սարգսյանի սխալ PR-ը, հանրահավաքների պայքարում հաղթեց Տեր-Պետրոսյանը. դիվանագետ

Սարգսյանի սխալ PR-ը, հանրահավաքների պայքարում հաղթեց Տեր-Պետրոսյանը. դիվանագետ

2008 թվականի փետրվարի 26-ի կեսօրին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նախագահի պաշտոնում ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը միմյանց դեմ մրցող հանրահավաքներ անցկացրեցին Երևանի կենտրոնում: Այս իրադարձության մասին ԱՄՆ Պետդեպին փետրվարի 28-ին ուղարկված գաղտնի փաստաթղթում գրում է ԱՄՆ փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: Փաստութուղթը գաղտնազերծվել է WikiLeaks կայքի կողմից:

«Մինչ Սարգսյանն առաջին հետընտրական հանրահավաքի ընթացքում հավաքել էր մոտ 60,000-70,000 ավտոբուսներով բերված մասնակիցներ, ԼՏՊ-ի յոթերորդ հետընտրական հանրահավաքին եկել էին 85,000-100,000  աջակիցներ: Սարգսյանի հանրահավաքի հազարավոր մասնակիցներ ավելի ուշ միացան ԼՏՊ-ի հանրավաքին, որտեղ նրանց դիմավորեցին «Միացում, միացում» վանկարկումներով: Ավտոբուսներով Սարգսյանի հանրահավաքին բերված քաղաքացիները, որոնք միացան ԼՏՊ-ի հանրահավաքին, ակնհայտորեն ապշած էին ԼՏՊ-ի աջակիցների քանակությունից: Նրանց այդ զարմանքը պայմանավորված է մեդիայի սահմանափակումներով, որը տեղի ունեցող իրադարձությունների առավելապես սխալ նկարագիրն է տալիս:

Սարգսյանի աջակիցները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ և կանայք էին, երիտասարդներ գրեթե չկային: Հանրահավաքին առկա պաստառները ցույց էին տալիս, որ մասնակիցները եկել են Երևանի տարբեր շրջաններից, թեև դեսպանատան աշխատակիցները խոսել են մեկի հետ, ով եկել էր Վրաստանից` Ջավախքից: Զանգվածների մոբիլիզացման տեսարանը խորհրդային դարաշրջան էր հիշեցնում. պաստառներին հետևյալ կարգախոսներ կային` «Գյուղացիները Սերժի հետ են», «Բժիշկները Սերժի հետ են» և անգամ «Թոքախտի կլինիկայի աշխատակիցները Սերժի հետ են»:

Մարդիկ տարբեր կերպ էին բացատրում հանրահավաքին իրենց ներկայությունը կախված այն բանից, թե դեսպանատան աշխատակիցներն ինչպես էին իրենց ներկայացնում (ԱՄՆ դեսպանատան աշխատակից կամ պարզապես ամերիկացի): Այն մարդիկ, ովքեր գիտեին որ դիվանագետի հետ են խոսում, ասում էին, որ իրենց ցանկությամբ են եկել հանրահավաք`Սարգսյանին տված «իրենց ձայնը» պաշտպանելու» և նշում էին, որ ինքնուրույն են եկել Երևան: Կանանց մի խումբ խորհուրդ է տվել դեսպանատան աշխատակիցներին «քիթներն իրենց գործերին չխոթել», երբ իրենց հարցրել են, թե ինչու են եկել հանրահավաքի: Մյուս կողմից, շատ կանայք և տղամարդիկ որոնք խոսել են պարզապես ամերիկացի ներկայացած դեսպանատան աշխատակիցների հետ, ասել են, որ իրենց ղեկավարությունը ստիպել է գալ  հանրահավաքի  և ավտոբուսներով է իրենց բերել միջոցառման», – գրում է Փենինգթոնը:

Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներն անգամ հաշվել են Սարգսյանի ենթադրյալ աջակիցների հրապարակից հեռանալու ժամանակն այն բանից հետո, երբ վարչապետն ավարտել է իր 30 րոպեանոց ուղերձը:

«Մոտավորապես 8 րոպեում 60,000-70,000-անոց ամբոխի 95 տոկոսը լքել էր Հանրապետության հրապարակը, նստել իրենց ավտոբուսները և հեռացել տուն: Միայն 2000 հոգի մնացել էին անձրի տակ լսելու Հայաստանի հայտնի աստղերին, ովքեր վարչապետից հետո զբաղեցրել էին բեմը: Մի ապշած ականատես մոտեցել է դեսպանատան աշխատակիցներին, և երբ իրեն հարցրել են, թե ինչու է ժպտում, նա զգուշավորությամբ ասել է «Տեսա՞ք, որքան արագ բոլորը լքեցին հրապարակը»», – գրում է ամերիկացի դիվանագետը:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Փենինգթոնը նշում է, որ այդ օրը նրա կազմակերպած ամենամարդաշատ հանրահավքն էր, որի թիվն գերազանցում էր փետրվարի 17-ի` նախընտրական հանրահավաքում մարդկանց թվին նույն Ազատության հրապարակում: Դեսպանատան աշխատակիցները նկատել են, որ ավելի մեծ թիվ էին կազմում մարզերից եկած մարդիկ` Հայաստանի և հյուսիսային, և հարավային հատվածներից:

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հանրահավաքից առաջ այցելել են երևանյան 2 բուհեր` պարզելու այն տեղեկատվությունը, որ դրանց մոտ ոստիկանական ուժեր են տեղակայված, որոնք արգելում են ուսանողներին մասնակցել հանրահավաքներին:

«Երկու ուսումնական հաստատությունների շենքերի առջև կային 10-20 ոստիկաններ, և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ` փողոցում կայանած: Երբ դեսպանատան աշխատակիցները հետաքրքվել են Երևանի Պետական համալսարանի գլխավոր շենքի մոտ տեղակայված ոստիկաններին, թե ինչու են նրանք այնտեղ, վերջիններս իրենց այնպես են պահել, կարծես իրենք չեն լսել հարցը: Պետհամալսարանի առջև կանգնած մի ոստիկականական սպա ասել է, որ նրանց հրամայված է պահպանել կարգն ու կանոնը: Այդտեղ գտնվող մի ուսանող ասել է, որ ոստիկանները ժամանել են մի օր առաջ, զրուցել են իրենց հետ և ասել, որ նրանք չմասնակցեն հանրահավաքներին, բայց ընդհանուր առմամբ ագրեսիվ չեն եղել», -նշվում է գաղտնի փաստաթղթում:

Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցող մի քանի գործարարներ, ովքեր ՀՅԴ անդամներ են եղել դեսպանատան աշխատակիցներին պատմել են, որ հանրահավաքի պատճառը «կեղտոտ» նախագահական ընտրություններն են: Նրանք նաև կարծիք են հայտնել, որ ԵԱՀԿ-ն շտապել է` ընտրությունների արդյունքները ճանաչելով, և հանգեցրել են իրավիճակի նկատմամբ մարդկանց դժգոհությանը:

Դաշնակների մի համակիր ասել է, որ եթե հայաստանցիներն ընդունեն ընտրությունների արդյունքները, ապա կդատապարտվեն «ֆեոդալիզիմի» սեփական երկրում:

Փաստաթղթի վերջում Ջոզեֆ Փենինգթոնը հետևյալ մեկնաբանությունն է գրում.

«Եթե նորընտիր նախագահ Սարգսյանի նպատակն էր Տեր-Պետրոսյանի հանրահավաքների մասնակիցներին ցույց տալ իր ունեցած ուժը, նա պարզապես ձախողվել է: Իրականում դրանով նա իրեն ավելի վատ վիճակի մեջ է դրել` Տեր-Պետրոսյանին տալով ևս 30000 դժգոհ աջակիցների կադրային ներհոսք, որոնց ռեժիմը  ստիպողաբար բերել է Երևան Սարգսյանի հանրահավաքին մասնակցելու համար: Երբ Տեր-Պետրոսյանի նախորդ հանրահավաքները ավելի քիչ մարդաշատ էին, այսօր Սարգսյանի կազմակերպած միջոցառման շնորհիվ Տեր-Պետրոսյանի թիմին շատ կարևոր էներգիա հաղորդվեց` մարզային աջակցություն և նոր վստահություն իջավ Հայաստանի փողոցների վրա: Մնում է սպասել, թե ինչպես Տեր-Պետրոսյանը կօգտագործի այս իրավիճակը, և թե ինչպես Սարգսյանը կարձագանքի իր գործած սխալ PR-ին: Այսօրվա մենամարտող հանարահավաքներից մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ Սարգսյանի ստեղծած անպարտելի իմիջը վտանգված է»:

Tekali Taxi