Գլխավոր / Հայաստան / «Տականքներից որևէ բան սպասելի չէ». Ժիրայր Սեֆիլյանը բանակի մասին

«Տականքներից որևէ բան սպասելի չէ». Ժիրայր Սեֆիլյանը բանակի մասին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ներողություն է խնդրում բանակում ողբերգական դեպքերի արդյունքում մահացած զինվորների հարազատներից: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով բանակում վերջին շրջանում գրանցված աղմկահարույց մահվան դեպքերին:

«Ցավակցում եմ անմարդայնորեն մահացած զինվորների հարազատներին` ներողություն խնդրելով նրանցից, որ մեզ, մեր սերնդին չհաջողվեց ստեղծել հայկական բանակ, որտեղ առաջնային պետք է գերիշխեր բարոյականությունը: Կրկին անգամ ներողություն եմ խնդրում զոհվածների, մահացածների բոլոր հարազատներից, մեղքի բաժինը վերցնելով անձնապես ինձ, ինչպես նաև իմ սերնդակիցների վրա: Եվ, խոսքս ուղղելով մեր ժողովրդին, կոչ եմ անում հույսով լցվել, լինել համբերատար, բայց ոչ համակերպվող»,- ասել է Սեֆիլյանը:

Նա նշել է, որ այս դեպքերը նորություն չեն. զինադադարից հետո` 95-96-ից սկսած, զոհերի թիվն ավելի մեծ էր, սակայն ի տարբերություն այդ տարիների, վերջին տարիներին մեծացել է ներքին, ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահացածների թիվը:

«Այս համակարգը որևէ հաստատություն խելքի բերելու, առողջացնելու ունակ չէ: Այս նյութապաշտական դրվածքով բանակի մեջ երբեք փոփոխություններ չեն լինի, մինչև այն ժամանակ, որ ունենք հղփացած գեներալներ, հղփացած հրամանատարներ, որոնք պտտվում են հարյուր հազար արժեքով մեքենաներով, իսկ զինվորների մեծ մասի ընտանիքներն օրվա հացի կարիք ունեն: Այդ զինվորները զանգում են տուն, ասում են` սպասեք, 6 ամիսը կլրանա, կգամ, կաշխատեմ օրվա հաց կունենանք: Այս սոցիալական անարդարության պայմաններում, այս տականքներից որևէ բան սպասելի չէ», – հավելել է Սեֆիլյանը:

Tekali Taxi