Գլխավոր / Հայաստան / Սենատը հաստատել է Հայաստանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին

Սենատը հաստատել է Հայաստանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Հեֆերնը շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում և ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է:

Նույն օրը հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ հաստատվել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն, թեև օրենսդիրներից երեքը՝ հայամետ Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը, դեմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Վերջիններս, մասնավորապես, քննադատել են քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ Ռիչարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որի համաձայն՝ մինչեւ 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաև այսօր:

«Այդ պատասխանը վիրավորական լինելու չափ սխալ է»,- երեքշաբթի երեկոյան հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեզը և ընդգծել. – «Դա ցույց է տալիս, որ Ռիչարդոնեն բավարար չափով հետաքրքրված չէ Թուրքիայում ապրող հայկական համայնքի խնդիրներով եւ կամ իսկապես տեղյակ չէ՝ ինչ դժվարությունների են բախվում քրիստոնեական եկեղեցիներն այդ երկրում»:

Այս հարցում դեսպան Ռիչարդոնեի դիրքորոշումը քննադատել են նաև մի շարք այլ սենատորներ, որոնք, սակայն, ի վերջո կողմ են արտահայտվել նրա թեկնածությանը՝ վկայակոչելով վերջինիս փորձառությունն ու գիտելիքների պաշարը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանանալուց հետո երկու դիվանագետների թեկնածությունը պիտի հաստատվի նաև Սենատի լիագումար նիստում, որից հետո միայն դեսպանները կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը Հայաստանում և Թուրքիայում:

 

Tekali Taxi