Գլխավոր / Հայաստան / Սարյանի «Իմ բակը»` Մոսկովյան փողոցի շենքի պատին (ՖՈՏՈ)

Սարյանի «Իմ բակը»` Մոսկովյան փողոցի շենքի պատին (ՖՈՏՈ)

Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևան» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը`  Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն, բացվեց Մոսկովյան 36 հասցեում: Բնակելի շենքի կողային ճակատին ամբողջությամբ պատկերված է Վարպետի 1923թ. ստեղծած կտավի գունագեղ խճապատկերը: Անվանի արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների ստեղծած «Ժպտա Երևան» ծրագրի աշխատանքային խումբը 3 ամիս առաջ էր քաղաքապետարանին առաջարկել շենքերի ճակատային հատվածի նորոգման ինքնատիպ լուծումն ու ստացել քաղաքապետարանի տեխնիկական ու մասամբ ֆինանսական աջակցությունը:

«Ժպտա Երևան»-ի հեղինակները նշել են, որ ծրագիրն ունի թե՛ գեղագիտական, թե՛ ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելով՝  երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում  հայկական կերպարվեստը:

«Մինչ շենքերի խճանկարապատումը նախ արվեստագետների խումբն առաջարկում և քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքին համահունչ թեմա կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի: Այդուհետ, քաղաքապետարանի հաստատումից հետո, սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Սա առաջինն է, բայց վստահեցնում եմ, որ վերջինը չի լինի, առավել ևս, որ շենքերի անհրապույր ճակատներ շատ կան մայրաքաղաքում»,- ընդգծել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

Սեպտեմբերին կավարտվեն նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Տպագրիչներ-Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոների հավաքման աշխատանքները:

Tekali Taxi