Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈ – «Դատի ենք տալու». Առևտրականները պատրաստ են փակել գետնանցումը

ՖՈՏՈ – «Դատի ենք տալու». Առևտրականները պատրաստ են փակել գետնանցումը

Եթե քաղաքապետարանը մրցույթի հաղթող ճանաչեց «Անցում-1» ՍՊԸ-ին, որը Աբովյան-Կորյուն ստորգետնյա անցման համար առաջարկել է 455 միլիոն դրամ, ապա գետնանցումի աշխատողները պատրաստվում են բոլոր կողմերից փակել մուտքերը և սպասել այդ «ամենալավ ու հարուստ մարդուն»:

Այսօր քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա էին իարականացնում Աբովյան-Կորյուն հատվածում գտնվող գետնանցումի աշխատակիցները, որոնց շուտով կարող են արգելել առևտուր իրականացնել անցումում: Նշենք, որ այս վայրում վաճառում են ծաղիկներ, սնունդ, հագուստ:

Այդ պահին քաղաքապետարանում տեղի է ունենում այդ տարացքի վաճառքի մրցույթը, որտեղ ներկայացված են երեք դիմողներ՝ «Գետնանցում» ՍՊԸ-ն, որը հիմնել են Աբովյանի գետնանցումում աշխատողները, ովքեր  առաջարկել են 255 միլիոն դրամ, 455 միլիոն դրամ առաջարկած «Անցում-1» ՍՊԸ-ն և Աշոտ Օհանյան (հաջորդ նկարում) անունով գործարարը, ով առաջարկել է 400 միլիոն:

Ակցիայի մասնակիցները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ պայքարելու են մինչև վերջ:

«Հաստատ դատի ենք տալու, սենց էլեմենտար ձևով չենք թողնի, ո՞նց կլինի, մի օր գան քո տուն, ասեն` պիտի վերանորոգենք, ու դու էլ ստեղ չես ապրելու: Մենք չենք հանձնվելու, շարունակելու ենք մինչև վերջ: Մենք արդեն փաստաթղթերը պատրաստել ենք արդեն՝ պայմանագրեր, անդորրագրեր, մեր ծախսերը: Մի վեց ամիս առաջ քաղապետարանից եկան, ասեցին, որ 22 միլիոն դրամ հավաքեք, մենք վերանորոգենք: Հավաքեցինք, տվեցինք քաղաքապետարան, որ վերանորոգում անեն, մեզ էլ խոստացան, որ պայմանագրերը կերկարացնեն, բայց եկան մի աննշան փոփոխություն արեցին, էն ինչ արել են հաստատ 22 միլիոնի չի: Հիմա էլ ասում են՝ էս ինչ վերանորոգում ա, բայց իրանք են արել է: Հիմա էլ ռեկետի մյուս վերսիան ա, հանել են աճուրդի: Եթե իրանք վաճառում են, մենք կարանք գնենք, վերանորոգենք` ոնց որ պետք ա: Մենք գիտենք, որ մեկը կա, որ իրանց ակրուժենյայից ա», – Epress.am-ի թղթակցին պատմել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` 35 տարեկան տղամարդ:

Մեզ հետ զրույցում գետնանցումի աշխատող Գագիկ Բադալյանն  ասել է, որ եթե ոչ իրենց օգտին որոշում կայացվի, մարդիկ պատրաստվում են ծայրահեղ միջոցների դիմել:

«Չեմ կարող ասել, թե վաղը ինչ որոշում կկայացվի, բայց եթե հանկարծ որոշվեց, որ «Անցում-1»-ն ա հաղթել, էդ ես չեմ որոշել, էդ բոլորս ենք որոշել, որ անցումը փակենք ամբողջ կողմերից ու մնանք անցման մեջ, սպասենք, տեսնենք` էդ ո՞վ ա ամենալավ ու հարուստ մարդը Հայաստանում, որ մարդկանց ուզում ա իրանց ապրուստից զրկի»,- ասել է Գագիկ Բադալյանը:

Նշենք, որ մրցույթի արդյունքները հրապարակվելու են վաղը:

Tekali Taxi