Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈ – Բացվում է Մատենադարանի նոր մասնաշենքը

ՖՈՏՈ – Բացվում է Մատենադարանի նոր մասնաշենքը

Այսօր կայանալու է Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությունը: Մասնաշենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2009 թվականին և ավարտին հասցվել 2,5 տարվա ընթացքում:

Շենքի ճարտարապետը Արթուր Մեշչյանն է, ով տվյալ նախագիծը ունեցել է դեռևս 1986 թվականին, սակայն այն իրականություն դարձրել միայն այս տարի:

Երեկ Մատենադարան կայացած այցի ժամանակ էքսկուրսավար Սիրանույշ Ասպատուրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հին մասնաշենքից բոլորը և ամեն ինչ տեղափոխվել են նոր շենք` գիտական կազմ, արխիվ, ձեռագրատուն:

«Առաջին հարկում տեղավորված է գրադարանը, որտեղ պահվում են 1215 թվականից մինչև 1800 թվական ստեղծված մոտավորապես 2000 հնատիպ գրքեր: Այս գրադարանից կարող են օգտվել Մատենադարան եկած ընթերցողները, գիտաշխատողները, ուսանողները, ովքեր թեզի պաշտպանության են նախապատրաստվում: Կա երկու ընթերցասրահ: Մատենադարանը ունի նաև գրքերի վերանորոգման բաժին, որտեղ աշխատում են 15-18 աշխատակիցներ, բաժինը հագեցածած է ժամանակակից սարքավորումներով: Երկրորդ հարկում գտնվում է արխիվը: Ունենք նաև 184 տեղանոց դահլիճ, որը  ծառայելու է գիտաժողովների ժամանակ: Հին շենքում չունեինք դահլիճ»,- պատմել է Ասպատուրյանը:

Արխիվային փաստաթղթերի պահպանման գիտական մշակման բաժնի վարիչ Արա Խզմալյանն էլ նշել է, որ բարեբախտաբար Մատենադարանում այսօր բոլորովին այլ կարևորություն է տրվում արխիվային գործին և դա տարիներ շարունակ ձեռագրատան հավաքածու ֆոնի վրա արխիվային գործը մնացել էր ստվերում:

«Պահոցն ապահովում է անվտանգության ջերմախոնավային բոլոր չափանիշները, մենք կարող ենք հանգիստ ասել, որ վերջապես այն եզակի արժեքները գտել են իրենց արժանի հանգրվանը: Շուրջ 400 000 արխիվային փաստաթուղթ է պահվում արխիվային բաժնում, որտեղ քիչ չեն բացառիկ և առանձնապես արժեքավոր փաստաթղթղերը: Գիտատեխնիկական մշակման և պահպանման համակարգն էլ բոլորովին նոր մակարդակի վրա է դրված: Շուրջ 10 000 փաստաթուղթ արդեն թվայնացված է: Մենք հետագայում ներմուծելու ենք այս թվային պատճենները Մատենադարանի ներքին համացանց և դրանով սահմանափակելու ենք ֆիզիկական շփումը փաստաթղթղերի հետ: Մատենադարանի հին շենքը վերածվելու է թանգարանի և հոկտեմբերին սկսվում է շենքի ամբողջական վերակառուցումը», – ասել է Խզմալյանը:

«Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիտչյանը տեղեկացրել է, որ նոր շենքի շինարարությունն իրենք իրականացրել են բարերարների գումարներով:

«Հիմնադրամի ծախսերը  կազմել  է 14 միլիոն դոլար: Հիմնական բարերարը  եղել է մոսկվաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանը` 10 միլիոն դոլար, մնացածը նվիրաբերել են` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ռուսաստանցի գործարար Մակար Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանը, որը տվել է 520 միլիոն դրամ: Եթե հաշվի առնենք այս կառույցի բարդությունը, շինարարության արագությունը աննախադեպ էր», – նշել է Չինչյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը պատմել է, որ շինարարության  երկրորդ փուլը` Մատենադարանի կոթողային շենքի վերակառուցումն է:

«Մատենադարանի հին մասնաշենքը, եթե ուներ մի ստատիկ ցուցասրահ, հիմա պիտի ունենա 9-10 ստատիկ ցուցասրահների համակցված շարք, որպեսզի մենք կարողանանք ամբողջական ներկայացնել Մատենադարանի  գանձերը և ամբողջ հարստությունը: Իսկ այդ հարստությունն օր օրի է ավելանում: Վերջին երեք տարում միայն 1500 ձեռագիր է ձեռք բերվել: Հին շենքից հետո հաջորդ փուլը Մատենադարանի ամբողջ տարածքի բարեկարգումն է: Մատենադարանը պետք է սկսվի բուն Մաշտոցի պողոտայից, յուրատեսակ լուծումներ կգտնենք նաև արձանախմբերի  և վահանակների տեղադրման առումով»,- ասել է Մատենադարանի տնօրենը:

Շենքի ճարտարապետ Արթուր Մեշչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի  վախենում ասել, որ այսօր երջանիկ օր է, որովհետև «ավարտին հասավ մի ծրագիր, որը չսահմանափակվեց միայն խոսակցությամբ, երդումներով, խոստումներով, այլ իրականացվեց մի աշխատանք, որը հասավ իր վերջնական ավարտին»:

Tekali Taxi