Գլխավոր / Հայաստան / «Թուրքիան կարող է ասել` հաջորդ քայլը Հայաստանինն է». փորձագետ

«Թուրքիան կարող է ասել` հաջորդ քայլը Հայաստանինն է». փորձագետ

Քաղաքական վերջին զարգացումներում հետաքրքրական է, որ Թուրքիայի հանրապետությունը Հայ-թուրքական արձանագրությունները նորից խորհրդարանի օրակարգ է մտցրել:

Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Տարածաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Արձանագրությունները շատ այլ նախագծերի հետ միասին հանվել էին նորընտիր խորհրդարանի օրակարգից: Դա նորմալ էր. դա ցանկացած խորհրդարանի հիմնական ընթացակարգերից է: Երբ պետք է նոր խորհրդարանական ընտրություն տեղի ունենա, օրենսդրական նախագծերի մեծ մասը, որոնք դեռ չեն քվեարկվել, պետք է դուրս բերվեն և հետո նորից վերադարձվեն», – ասել է Կիրակոսյանը:

Ըստ նրա` շատ հետաքրքրական է, որ Թուրքիան ընտրել է «հիմա»-ն՝ Արձանագրությունները վերադարձնելու համար:

«Իմ կարծիքով, սա երկու բանի նշան է. առաջինը՝ դիվանագիտորեն Թուրքիան սկսում է վերադառնալ Հայաստանի հետ հարաբերությունների թարմացմանը, հատկապես այս շաբաթ Միացյալ Նահանգներում վարած դիվանագիտական գործընթացներից հետո:

Երկրորդ պատճառն ավելի բացասական է. դա Հայաստանին փորձության ենթարկելու մեկ այլ միջոց է: Այլ կերպ ասած՝ այժմ Թուքիան ամերիկացիներին և եվրոպացիներին կարող է ասել՝ «մեր գործը չէ, մենք Արձանագրությունները վերադարձրեցինք, հաջորդ քայլը Հայաստանինն է»:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ ամենակարևոր փորձությունը լինելու է այն, թե ինչպես է Հայաստանն արձագանքելու այժմ Թուրքիայի քայլին:

Մեր այն հարցին, թե կարելի է ասել, որ «այժմ գնդակը Հայաստանի դաշտում է», Կիրակոսյանը պատասխանել է.

«Այնքան էլ ոչ. այլ կերպ ասած՝ Թուրքիան է այդպես ասում է, իսկ դա նրա գործելակերպն է: Բոլորը սպասում են, որ Թուրքիան հաջորդ քայլն անի՝ բացի սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Բայց այս կերպ Թուրքիայի համար հարմար տարբերակ է մեղքը գցել Հայաստանի վրա և այնպես անել, որ բոլորը Հայաստանից ակնկալեն հաջորդ քայլը: Այս տարբերակը միայն այն ժամանակ կաշխատի, եթե Հայաստանը արդյունավետ ձևով չարձագանքի: Սա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի արձագանք էր: Այսպիսով, մենք հետևյալը կտեսնենք՝ մեկ այլ փորձություն Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար: Ինչպես նաև սա ազդանշան կարող է լինել Թուրքիայի համար, որպեսզի այն նորովի անդրադառնա Հայկական հարցին, հատկապես Քրդական հարցի պատճառով, և հատկապես, որ Լիբիան և Սիրիան ավելի մեծ խնդիրներ են Թուրքիայի համար», – ասել է քաղաքական վերլուծաբանը:

Epress.am-ը կարծիք է հարցրել Կիրակոսյանից, թե ինչպես է հայկական կողմն արձագանքելու այս գործընթացին:

«Ինչպես արդեն ասացի, սա Հայաստանի պատմության մեջ վատագույն ժամանակաշրջանն է, երբ վատագույն արտգործնախարարն է գործում: Ես վստահ չեմ, որ արտգործնախարարությունը պատշաճ կարձագանքի: Սա ավելի շատ ՀՀ նախագահի արձագանքի հարցն է, բայց մինչ այժմ մենք դեռ ոչինչ չենք տեսել»,- հավելել է փորձագետը:

Tekali Taxi