Գլխավոր / Հայաստան / Արարատի նախկին մարզպետի դեմ քրեական գործ է հարուցվել

Արարատի նախկին մարզպետի դեմ քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ Արարատի մարզում չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման և դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես, պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքի  վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության:

2010թ. ապրիլի 13-ին կեղծ տեղեկություններ պարունակող հողաշինարարական գործը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար: Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության` Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է  իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, որը և կատարվել է 2010թ. մայիսի 5-ին:

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև մարզի տարածքում գործող որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում, որոնք իրականացվել են «Մանուելա» ՍՊԸ-ի և «ՆՆԱ» ՍՊԸ-ի կողմից:

Վ. Հովակիմյանը` որպես մարզպետ չի կատարել պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները վերահսկելու, այդ միջոցները նպատակային օգտագործելու իր պարտականությունները, ստորագրել է ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում` 2008-2010թթ. ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանի կողմից խարդախության միջոցով կատարվել է 23 715 970 դրամի հավելագրում, իսկ «ՆՆԱ» ՍՊ ընկերության տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից` 12 699,6 հազար դրամի հավելագրում:

Արդյունքում, նախաքննական մարմնի գնահատմամբ,  Արարատի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ  Գ. Եղիազարյանի եւ քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նախկին մարզպետ Վ. Հովակիմյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող ընդհանուր 36 415 570 դրամ վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 2-րդ մասով,  (պաշտոնեական անփութություն), Ռ.Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), Մ. Սանթոյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածով(պաշտոնեական կեղծիք), Է. Բազիկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) կեղծելը`, Ն. Անդրեասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

 

Tekali Taxi