Գլխավոր / Հայաստան / Դեմոկրատիայի համար աշխատել է պետք, հայաստանցիներին սովորեցնում է դեսպանը

Դեմոկրատիայի համար աշխատել է պետք, հայաստանցիներին սովորեցնում է դեսպանը

Ոչ մի երկիր միանգամից դեմոկրատական չի դառնում, հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում: «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման շրջանակներում այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Լրագրողներից մեկը հարց է ուղղել Էվանսին, թե ինչու ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում չի ցուցաբերել 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, երբ Վիկիլիքսի փաստաթղթերից մեկում էլ նշված է, որ Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 35 տոկոսը:

Էվանսն ուղիղ չի պատասխանել հարցին՝  նշելով, որ «ինչպես ասում են, Հայաստանում առաջին ընտրություններն են լավագույնը եղել»:

«Իհարկե, 2008-ին եղել են կեղծիքներ, բայց չպետք է սպասել, որ դեմոկրատիան ինքն իրեն կստեղծվի, ոչ մի երկրում այդպես չի եղել: Մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մարտի 1-2-ի իրադարձությունները շատ բացասական ազդեցություն են ունեցել Հայաաստանի վրա, ինչպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության առումներով: Սակայն չպետք է աչք փակել բարեփոխումներ իրականացնելու միտման վրա: Ես երեկ նայում էի Հայաստանի դեղին էջեր տեղեկատուն: Մի անհավատալի բան: Այնքան բիզնեսներ, այնքան խանութներ կան», – ասել է Էվանսը:

Քննարկմանը ներկա Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը ևս ասել է, որ չնայած 2008 թվականի ցավալի իրադարձություններին, այսօր ՀՀ իշխանությանները զգալի բարեփոխումներ են իրականացնում:

«ՀՀ նախարարություններում, վարչապետի ապարատում կան ֆանտաստիկ մասնագետներ, ինչպես, օրինակ, Արդարադատության նախարարաությունում, Կենտրոնական բանկում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Նրանք աշխատում են, բայց, իհարկե, կարող են էլ ավելի լավ աշխատել», – նշել է Շմիդտը:

Լուսանկարը` anca.org

Tekali Taxi