Գլխավոր / Հայաստան / Հայը պատմել է, թե որքան ծանր է Բաղդադում ալկոհոլ վաճառել

Հայը պատմել է, թե որքան ծանր է Բաղդադում ալկոհոլ վաճառել

Բաղդադում ալկոհոլի վաճառքով զբաղվելը վտանգավոր գործ է, քանի որ ոգելից խմիչքների իրացում իրականացնող խանութի աշխատակիցները հաճախ հարձակման են ենթարկվում տարբեր խմբավորումների կողմից: Նրանց վրա կրակում են, թալանում, երբեմն ստիպված են ընտանիքից հեռու ապրել: Այս ամենի մասին AFP գործակալությանը պատմել են Իրաքում նման գործունեություն ծավալող մի շարք քաղաքացիներ, այդ թվում նաև` ազգությամբ հայ Սարգիսը:

Բաղդադի քաղաքապետ Սալահ Աբդել Ռազակը պատմել է գործակալությանը, որ ալկոհոլի վաճառքով զբաղվում են պաշտոնապես գրանցված 96 խանութ: Քաղաքում նաև ապօրինի գործում են անհայտ քանակությամբ չարտոնված լիկյորի վաճառքով զբաղվող խանութներ: Ռազակը նշում է, որ հարձակումները պայմանավորված են հրոսակախմբերի անդամների «գաղափարական կամ բարոյական մոտեցումներով»:

Միայն 2011 թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում առնվազն 30 հարձակում է տեղի ունեցել իրաքյան ալկոհոլի խանութների վրա, որոնցից հինգը տեղի է ունեցել հարավային նավահանգստային Բասրա քաղաքում, մնացածը` Բաղդադում:

Հայազգի Սարգիսը 1976 թվականից ի վեր աշխատում է ալկոհոլի վաճառքի ոլորտում:

Բաղդադի կենտրոնում գտնվող ալկոհոլի վաճառքով զբաղվող ընկերությունը, որտեղ նա աշխատում է 18 տարեկանից, շրջապատված է մետաղե բարձր պարիսպներով, որը դրան բանտի տեսք է հաղորդում:

Համալիրի մեջ են մտնում նաև փոքր խանութներ, որոնք ալկոհոլը անհատ հաճախորդների են վաճառում: Խանութների ներսում մետաղե ձողեր կան, որոնք ձգվում են հատակից մինչև առաստաղ, և ավելի շատ բանկ են հիշեցնում, քան սովորական խանութ:

Այս նախազգուշական միջոցառումների համար հիմնավոր պատճառներ կան: 2006 թվականին դիմակավորված գրոհայինների մի խումբ Կալաշնիկով տեսակի ավտոմատներով հարձակվել են ընկերության վրա` սպանելով աշխատակիցներից մեկին, պատմել է Սարգիսը:

Հաջորդ տարի  զինված տղամարդկանց մեկ այլ խումբ քաղաքացիական հագուստով մտել է ընկերություն և սկսել ավիրել այն` կազմակերպությանը մոտ 200,000 դոլարի վնաս պատճառելով:

Այս միջադեպերից հետո ընկերությունը փակվել է մոտ մեկուկես տարով:

«Իրականում, ես չեմ կարող մեկ այլ աշխատանք գտնել»,-ասում է Սարգիսը` հաշվի առնելով Իրաքի ներկայիս պայմանները:

Սարգիսը հոգում է իր կնոջ և 5 երեխաների կարիքները ամսական ընդամենը 1025 դոլարով:

Ընտանիքն ապրում է Իրաքի հյուսիսում գտնվող համեմատաբար կայուն քրդական շրջանում` Դոհուկում: Նա ստիպված է ընտանիքին երկու ամսվա մեջ ընդամենը 10 օր տեսնել:

Սարգիսը ցանկանում է լքել իր աշխատանքը, կամ երկիրը:

«Լավ կլիներ թողնել այս աշխատանքը,- ասել է նա,- թեև մտածում եմ առհասարակ Իրաքը լքելու մասին»:

Tekali Taxi