Գլխավոր / Հայաստան / Սպանված զինվորի մայրը համաձայն չէ դատաբժշկական փորձաքննության հետ

Սպանված զինվորի մայրը համաձայն չէ դատաբժշկական փորձաքննության հետ

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում մահացած 19-ամյա Աղասի Աբրահամյանի հարազատները ստացել են նրա դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ Աղասի Աբրահամյանը մահացել էր դաժան ծեծից հետո հոսպիտալում:

Փորձաքննության  արդյունքներով զինվորի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից` փակ, բութ գանգուղեղային  վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ նրա մահվան ուղղակի պատճառն է: Փորձագետները դա հիմնավորել են փորձաքննությամբ հայտնաբերված մի շարք  վնասվածքներով, մարմնի տարբեր հատվածներում և օրգաններում  առկա արյունազեղումներով: Ըստ այդ փորձագետների`վնասվածքներն առաջացել են Աղասիի մահվանից 6-24 ժամ առաջ, բութ, կոշտ առարկաների հարվածների հետևանքով:

18-ամյա Աղասիի մայրը` տիկին Գայանեն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության հետ, քանի որ այնտեղ նշված չէ, որ Աղասիի ականջը պոկված է եղել, կողքին էլ դանակի հարված: Ասել է նաև, որ իրենք պահանջում են պատժել բոլոր հանցագործներին, որոնք դաժան ծեծել են իր որդուն:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը տեղեկացրել է թերթի թղթակցին, որ երեք սպա և մեկ զինվոր են ձերբակալվել Աղասի Աբրահամյանի մահվան առնչությամբ: Մամլո խոսնակը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով`չեն նշում սպաների անուն-ազգանունները:

Սպաներին առաջադրվել է մեղադրանք 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը , պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, որի համար սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ձերբակալված զինվորին 359 հոդվածի 1-ին մասով`զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվում է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով` պատժվում է կալանքով, առավելագույնը` երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

«Ժողովուրդը» գրում է, որ սպանության մեղադրանք դեռևս որևէ մեկին չի առաջադրվել` «չնայած արդեն բարձրաձայնվել է, որ ժամկետային զինծառայողն ու բժիշկը դաժանաբար ծեծել են Աղասի Աբրահամյանին` հասցնելով մահվան»:

Tekali Taxi