Home / Հայաստան / Հայաստանում հետագա զարգացումները մեծապես կախված են Սարկոզիի այցից. փորձագետ

Հայաստանում հետագա զարգացումները մեծապես կախված են Սարկոզիի այցից. փորձագետ

Ներկայումս նկատելի է, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացները դուրս են գալիս բավական երկրար ժամանակ գտնվող ճահճացած վիճակից և շարժվում են անորոշ ուղությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

«Մի կողմից՝ մոտենում են հերթական ընտրությունները և քաղաքական ուժերը այս կամ այն կերպով նախապատրաստվում են դրանց: Իսկ քանի որ երկրում առկա է ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, ինչպես նաև հասարակության մի հսկայական հատված շարունակում է դնել իշխանությունների լեգիտիմության խնդիրը, այդ իսկ պատճառով որևէ քիչ թե շատ ռեսուրս ունեցող քաղաքական ուժ անկարող է շրջանցել այդ հարցերը: Եվ այդպիսի ուժերը նորից դիմում են և դիմելու են հասարակությանը, և մեծ ջանքեր թափելու միջոցով փոձելու են համոզել նրան, որ հենց իրենք են վերոնշյալ խնդիրների լուծմանը ունակ միակ ուժը», – ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ՝ ընդդիմադիր տարբեր միավորումների պոտենցիալ ռադիկալ գործողությունների հնարավորությունը և ներկայումս կոնկրետ ՀԱԿ-ի հանրահավաքային ակտիվացումը մեծ ազդեցություն է թողնում ներքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման վրա, և իշխանություններն այս իրողությունը չեն կարող հաշվի չառնել:

«Դիտարկումները ցույց են տալիս, որ այսօր նրանք հակված են ինչ-որ զիջումների գնալ՝ նպատակ ունենալով որոշակիորեն հանգստացնել դժգոհ հանրությունը ու նաև մեղմել միջազգային հանրության խիստ վերաբերմունքն իրենց նկատմամբ: Հավանաբար, իշխանություններն ակնկալում են, որ Արևմուտքի կողմից իրենց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության արդյունքում նրանք կարող են ռեժիմի գոյատևման համար շատ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ վարկերի, գրանտների, ներդրումների տեսքով», – ասել է փորձագետը:

Այնուամենայնիվ, Վարդանյանը նշել է, որ այսօր պարզ չէ, թե ինչ ծավալի և բնույթի զիջումների կարող են գնալ իշխանությունները:

«ՀԱԿ առաջնորդի սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ելույթի հռետորաբանությունը (մեղմ վերաբերմունք Արևմուտքի նկատմամբ) ցույց է տալիս, որ Կոնգրեսը, իր հերթին, սպասելիքներ ունի միջազգային հանրությունից առ այն, որ վերջինս կուժեղացնի ճնշումը իշխանությունների վրա: Սակայն, հավանաբար, տեսնելով, որ, մի կողմից, դեռևս չկա հաղթանակի համար անհրաժեշտ չափերի հասած հասարակության մոբիլիզացիա, մյուս կողմից էլ, որ Արևմուտքն առայժմ հակված է աշխատել Սարգսյանի ռեժիմի հետ և հենց այնպես մեծ ճնշումներ չի գործադրի նրա նկատմամբ, ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու հետ զուգահեռ մեղմում է իր դիրքորոշումը մի կարևոր խնդրի՝ երկխոսության պայմանների վերաբերյալ: ՀԱԿ-ը գնում է  երկխոսության, այն դեպքում, երբ, ըստ իր կարծիքի, երկրում քաղբանտարկյալ կա: Այն դեպքում, երբ իշխանությունները այդպես էլ չհամաձայնվեցին բանակցել արտահերթ ընտրությունների շուրջ, ինչը եղել է ՀԱԿ-ի պայմանը, այն դեպքում, երբ հենց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ երկխոսության ընթացքում, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որևէ լուրջ փոխզիջման», – նշել է Վարդանյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հետագա զարգացումները մեծապես կախված են հոկտեմբերի 6-ին Հայաստան կատարվելիք Սարկոզիի այցից:

«Իհարկե, հետագա զարգացումների ուղությունը որոշելու առումով մեծ դեր ունի նաև ժողովրդի մոբիլիզացիայի աստիճանը: Հարկ եմ համարում նշել նաև, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներից վերստին ոգևորված ընդդիմադիրները, հատկապես՝ երիտասարդները, արդյունքում կարող են ավելի պահանջատեր դառնալ ՀԱԿ ղեկավարության նկատմամբ և ավելի անզիջում դիրքեր գրավել:

Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, կամ նույնիսկ վերադարձի սպասելիքն ինքնին կարող է ազդել ինչպես ներկայիս իշխանությունների, այնպես էլ ՀԱԿ-ի գործելակերպի վրա: Սեփական դիրքերի թուլացման, կամ նույնիսկ դիրքերի կորստի վախը, կարող է դրդել նրանց ավելի ակտիվ և կտրուկ գործողություններ կատարելուն: Դա կարող է ՀԱԿ-ին և ներկայիս իշխանություններին սիտուացիոն, ժամանակավոր, հեռակա դաշնակիցներ դարձնել, սակայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձեցման միտումներ գրանցվեն, դա կարող է նաև ակտիվացնել ընդդիմադիր հասարակությունը, այդ թվում՝ ՀԱԿ-ին՝ դրդելով նրան անզիջում և կոշտ պայքարի», – ասել է Վարդանյանը:

Tekali Taxi