հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լեհաստանում Ազատության հրապարակը ներկայացրել են որպես ժամանակակից արվեստ

Լեհաստանում Ազատության հրապարակը ներկայացրել են որպես ժամանակակից արվեստ

ՀԱԿ-ի մեկշաբաթյա հանրահավաք-նստացույցը ինչ-որ իմաստով բեկումնային էր մշակույթի զարգացման համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը:

«Երեք օր ու գիշեր հրապարակում անցկացնելուց հետո Նազարեթ Կարոյանի հետ մեկնեցինք Լեհաստան` թատերական և պերֆորմատիվ արվեստներին նվիրված կոնֆերանսին, և այնտեղ, Նազարեթի նախաձեռնությամբ, սքայփով ուղիղ միացում կազմակերպեցինք Ազատության հրապարակից, և ասացինք կոնֆերանսի մասնակիցներին՝ տեսեք, ժամանակակից արվեստը, պերֆորմատիվ արվեստն այսօր սա է, այստեղից է սկսելու համաշխարհային արվեստի ձևափոխումը: Մշակույթը, արվեստը, թատերական ու պերֆորմատիվ արվեստը նա չէ, որ գոյատևում է բեմերում ու սրահներում, դրանք ընդհամենը հիշատակ են հարթակների ու հրապարակների մասին, դրանց արհեստական վերարտադրումը ոչ-հեղափոխական ժամանակներում: Իսկ այն, որ դուք հիմա տեսնում եք, հենց արվեստի սկզբնաղբյուրն է, այն արվեստի, որը ոչ թե հնարամիտ զվարճալիք է, այլ՝ ուղղակիորեն քաղաքական գործիք, քաղաքական մեթոդ», – պատմել է Նեդոլյանը:

Նա նշել է, որ հանրային, հրապարակային մասնակցային քաղաքականությունը ու արվեստը կատարում են միևնույն գործառույթը, միևնույն բան են փաստացի՝ քաղաքացու, մարդու ինքնիշխանավորման գործընթաց, երբ մարդը դառնում է սուվերեն:

«Թատրոնի, պարի, պերֆորմատիվ, մասնակցային արվեստների նպատակը հենց դա է եղել ծագումնաբանորեն՝ ի հայտ բերել ինքնիշխանին, թագավորին, հերոսին, և արվեստի զարգացման պատմական ողջ տրամաբանությունը միակն էր՝ ներգրավել ազատ գործողության, արքայանալու ու հերոսանալու մեջ հանդիսատեսին, քանդել անտեսանելի պատը, որ բաժանում է դահլիճը ու բեմը, հարթակը ու հրապարակը, ներգրավել ամեն մեկին ազատության կերտման, կերպարն ազատորեն ընտրելու ու կայացնելու գործընթացին: Եվ նույնն է դեմոկրատական քաղաքանության նպատակը՝ իշխանավորել յուրաքանչյուրին, ամեն մեկին ներգրավել քաղաքական ազատ արարման տիրույթը: Եվ հենց դա էր տեղի ունենում այս օրերը մեր հրապարակում: Հրապարակային քաղաքականությունը պերֆորմատիվ արվեստներից առաջնայինն է, փաստորեն, հենց դա էին պատկերում մարդկության ամենաառաջին, հունական ողբերգությունները: Մարդը ամբողջականորեն, իր անձնական կյանքով ու ապրումներով, տեղափոխվում է բեմահարթակ, հրապարակ, ապրում է իր անձնական կյանքի բացարձակ քաղաքականացում, երբ ամեն ինչն է տեսանելի ու ամեն ինչն է կարևոր, այսպես կոչված մասնավոր կյանքը և քաղաքացու /դեմոկրատիայի քաղաքական գործչի, թագավորի/ և արտիստի համար ընդհամենը նախնական փորձ են, սևագիր, իսկ կայացումը, երազանքի կերպարանավորումը գալիս են բեմում, հարթակում, բացարձակ դիալոգի, բացարձակ Խոսքի ու բացարձակ պատասխանատվության մթնոլորտում: Այս միասնությունից են սկիզբ առնում, առօրեայի մեջ արտահոսում նաև մյուս արվեստները, իբրև նման պահերի հիշատակ ու խոստում», – ասել է Նեդոլյանը:

Հրապարակախոսը հավելել է նաև, որ, ինչպես և 88-ին, լինելով հայաստանցի, իրենք հպարտ էին ու հարուստ` իրենց թիկունքում ունենալով «Ազատության ազատ հրապարակի սկզբնարար խոստովանությունը»: