Գլխավոր / Հայաստան / ՊՆ-ն խիստ է վերաբերվելու «բանակն ամեն գնով վարկաբեկողներին». նախարար

ՊՆ-ն խիստ է վերաբերվելու «բանակն ամեն գնով վարկաբեկողներին». նախարար

ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին:

Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի, նա խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:

Անդրադառնալով բանակի խնդիրների շուրջ ծավալված հասարակական քննարկումներին` պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունն առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»: