Home / Հայաստան / Հենրիխ Մխիթարյանի թիմը շարունակում է անհաջող ընթացքը Չեմպիոնների Լիգայում

Հենրիխ Մխիթարյանի թիմը շարունակում է անհաջող ընթացքը Չեմպիոնների Լիգայում

Հայաստանցի Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» Չեմպիոննելի Լիգայի խմբային մրցաշարի 4-րդ փուլում Սանկտ Պետերբուրգում
նվազագույն 0-1 հաշվով պարտվեց տեղի «Զենիթին» և շարունակում է ընթանալ G խմբի վերջին հորիզոնականում:

Պարտվելով` «Շախտյորը» հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունները հասցրել է նվազագույնի:

Առաջին խաղակեսում «Զենիթը» կատարյալ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, որը ռուսաստանցիների դարպասին ոչ մի հարված չկատարեց: Փոխարենը` «Շախտյորի» դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան մեծ ծանրաբեռնվածությամբ էր աշխատում: Առնվազն երեք անգամ նա իր թիմին փրկեց վերահաս գոլերից, սակայն չկարողացավ հետ մղել առաջին խաղակեսի ավելացված րոպեին «Զենիթի» պաշտպան Նիկոլա Լոմբերտսի գլխով հարվածը:

Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» ինչ-որ չափով հավասարեցրեց խաղը, բայց կարողացավ ընդամենը մեկ վտանգավոր պահ ստեղծել, երբ Վիլիանի հարվածից հետո գնդակը հետ մղեց «Զենիթի» դարպասապահ Մալաֆեևը:

Հենրիխ Մխիթարյանը հանդիպման ընթացքում խաղում էր «Շախտյորում» իր համար սովորական դարձած հենակետային գոտում: Նա մեծ ծավալի աշխատանք կատարեց, սակայն մեծ հաշվով չկարողացավ աչքի ընկնել կառուցողական գործողություններում, քանի որ «Շախտյորը» խաղում էր առանց կենտրոնի` գրոհները կազմակերպելով կամ եզրերով, կամ սեփական կիսադաշտից կատարվող պարզունակ երկար փոխանցումներով: