Գլխավոր / Հայաստան / «Իշխանության ներսում վերադասավորումը նորմալ է». ԱԺ նոր նախագահի անունը դեռևս հայտնի չէ

«Իշխանության ներսում վերադասավորումը նորմալ է». ԱԺ նոր նախագահի անունը դեռևս հայտնի չէ

Իշխանությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ վերադասավորումները` թե պաշտոնանկությունները, թե տեղափոխությունները նորմալ երևույթ պետք է դիտել:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես մի բան կարող եմ ասել, որ Հայաստանի համար շատ կարևոր է ապագա ընտրությունների անցկացման հարցը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել, առաջին հերթին, մեր հասարակության առջև: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը մեր հասարակության հետ պատրաստակամ են լինելու, որպեսզի 2012 թ. հերթական խորհրդարանական ընտրությունները որակական նոր փուլ լինեն», – նշել է ՀՀԿ-ականը:

Մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված չէ ՀՀԿ շտաբի աշխատանքների ղեկավարման հետ և նա կարող է չլինել շտաբի պետ, Էդուարդ Շարմազանովն ասել.

«Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան ԶԼՄ-ներում բազմաթիվ տեսական սենսացիոն կարծիքներ կարող են լինել: Ես այդ կարծիքներին լուրջ չեմ վերաբերվում»:

Շարմազանովը չի ասել նաև, թե ով է լինելու խորհրդարանի հաջորդ նախագահը` նշելով, որ ՀՀԿ-ն նման կարևոր հարցերը քննարկում է կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում:

«Այդ նիստերի օրակարգը դեռ որոշված չէ, եթե որոշվի, ես ձեզ կտեղեկացնեմ», – նշել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակը:

Tekali Taxi