Գլխավոր / Հայաստան / Ե՞րբ Հայաստանում դիակիզարան կկառուցեն. այն անհրաժաշետություն է, պնդում է մասնագետը

Ե՞րբ Հայաստանում դիակիզարան կկառուցեն. այն անհրաժաշետություն է, պնդում է մասնագետը

2006 թվականի փետրվարի 27–ին ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին», ըստ որի՝ Երևան քաղաքում պետք է կառուցվի դիակիզարան՝ մահացածի մարմինը դիակիզելու համար հատուկ վառարաններով, հանգուցյալի հետ հրաժեշտի ծիսակատարման սրահով, դիակների ժամանակավոր պահպանման սառնարանային համալիրով կահավորված։

Մինչ օրս դիակիզարանը չի կառուցվել. օրենքի ընդունման պահից այս հարցը  հանրության շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել ու տարատեսակ կարծիքներ է ձևավորվել:

Այնուամենայնիվ, «Երևանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման» փակ բաժնետիրական ընկերության ինժեներ Ռազմիկ Հարությունյանի խոսքերով՝ դիակիզարանների կառուցումը պարզապես անհրաժեշտություն է դարձել՝  ելնելով գերեզմանոցների համար նախատեսված հողատարածքների խիստ սահմանափակ լինելու փաստից:

«Դիակիզարանների կառուցման մասին ստույգ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ  նախագծային բոլոր ինստիտուտներին հանձնարարվել է ուսումնասիրել ու տեղեկություն տալ դրանց կառուցման տեղի ընտրության ու հատկացվելիք գումարների մասին: Շատ կարևոր է հայաստանյան պայմաններում նման կառույց ունենալը. առաջին հերթին` կտնտեսվի հողերի 80-90%-ը, կտրուկ կբարելավվի սանիտարական-էկոլոգիական վիճակը, կապահովվի շրջակա միջավայրի անվտանգությունը, պատշաճ մակարդակի կբերվի հուղարկավորությունների  էսթետիկան, կիջեցվի հանգուցյալի հարազատների սթրեսային ֆոնը, ինչպես նաև կտնտեսվեն թաղման արարողությունների հետ կապված նրանց լրացուցիչ ծախսերը», – Epress.am- ի հետ զրույցում նշել է Հարությունյանը:

Ըստ նրա, դիակիզարաններ գործում են բոլոր զարգացած երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում դրանք թվով 14330-ն են: Հայաստանում գործելու դեպքում դիակիզումն արվելու է կամավոր հիմունքներով:

«Դիակի այրումը կատարվելու է հոսանքի (վերևից) և գազի (ներքևից) բարձր ջերմաստիճանի առկայությամբ։ Մահացածն ունենալու է աճյունասափոր՝ չքայքայվող նյութից (մետաղյա կամ պլաստիկ) պատրաստված, կափարիչի հերմետիկությունն ապահովող սրվակ (տրամագիծը՝ 0,15մ, երկարությունը՝ 0,20մ), որտեղ տեղադրվում է մահացածի մարմնի դիակիզումից հետո ստացված մոխիրը։

Օրենքով սահմանված կարգով լինելու է նաև հուշապատ առանձին մուտքերով՝ հատուկ կառուցված աճյունասափորների տեղադրման համար», – տեղեկացրել է Ռազմիկ Հարությունյանը:

Հանգուցյալների կիզմանը դեմ է Հայ Առաքելական եկեղեցին, որը դատապարտում է այդ քայլը:

«Եկեղեցին ասում է՝ հող ես, հող պիտի դառնաս՝  հաշվի չառնելով հողերի սղությունը: 2020թ.գերեզմանահողերի համար պետք է տրամադրվի 146 հա տարածք, իսկ մինչև 2030թ.՝ կպահանջվի 300 հա հողատարածք, իսկ ներկա պահին  գերեզմանոցները զբազեցնում են 540 հա հողատարածք: Դիակիզումը կհանգեցնի հողերի խնայողական օգտագործման, իսկ խնայված տարածքները կարելի է օգտագործել ավելի լավ նպատակներով՝ ասենք կարելի է այգիներ  ու ցանքատարածքներ հիմնել: Բացի դա, տարեկան կգրանցվի 1,5 միլիարդ խորանարդ շինանյութի տնտեսում՝  մեխ, տախտակ և տարբեր նյութեր», – ընդգծել է  Հարությունյանը:

Մասնագետն հիշեցնում է, որ, հայերի մոտ ընդունված ավանդույթի համաձայն, պարտադիր են ընտանեկան գերեզմանոցները: Ըստ նրա՝ դիակիզարանների առկայության դեպքում կարելի է ստեղծել նաև տոհմական  գերեզմանոցներ՝ հաշվի առնելով հայերի հոգեբանությունը՝ մահացած բոլոր հարազատներին նույն վայրում թաղված լինելու  իմաստով:

«Եթե այսօր 12 քմ հողատարածք է հատկացվում չորս հոգի հուղարկավորելու համար, ապա դիակիզումից հետո նույն 12 քմ տարածքում հնարավոր կլինի տեղադրել 23 սափոր: Դիակիզարաններն ունեն նաև կենսաբանական նշանակություն, թաղումից հետո դիակը սկսում է նեխել, հնարավոր հետևանքներով, ինչը տեղի չի ունենում այրման ընթացքում», – ասել է նա` հավելելով, որ այս գործընթացը ազատում է հանգուցյալների հարազատներին գերեզմանի սարքման, կառուցապատման, հուշարձանի, հուշաքարի և տապանաքարի բարեկարգման շատ ծախսատար ու երբեմն նաև  ցուցամոլության հասնող աշխատանքներից:

Tekali Taxi