Գլխավոր / Հայաստան / Սյունիքի մարզպետը հարձակվել է իրեն գողության մեջ մեղադրող կին գործարարի վրա

Սյունիքի մարզպետը հարձակվել է իրեն գողության մեջ մեղադրող կին գործարարի վրա

Այսօր երեկոյան` ժամը 18.00-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցի մոտ հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա:

Այս մասին վերջինս հայտարարել է դեպքից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

««Մարիոթ» հյուրանոցում հանդիպում ունեի, ավարտելուց հետո պատրաստվում էի գնալ «Երկիր մեդիա» ուղիղ եթերի, այդ պահին մոտեցավ Սյունիքի մարզպետը և խուլիգանի նման հարձակվեց: Փորձում էր ոտքով խփել, հետո ձեռքով»,- արցունքները աչքերին պատմել է գործարարը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սուրեն Խաչատրյանը Լիճքվազ-Թեյի հանքավայրից 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում է գողացել: Խաչատրյանը մամուլով սպառնացել էր Համբարձումյանին դատի տալ՝ նշելով, որ ինքը սարքավորումները գնել է, որից հետո կին գործարարը հայտարարել էր, որ Խաչատրյանը և նրա որդին թմրամոլ են ու ինքը դատարանում պատրաստ է խայտառակել մարզպետին:

Այսօր Համբարձումյանը նշել է, որ Սուրեն Խաչատրյանն իրեն դատի չի կարող տալ, քանի որ փաստերը իր կողմից են, և մարզպետի միակ գործելաոճը վախեցնելն ու խուլիգանական ձևով պահելն է:

Համբարձումյանը նշել է, որ միջադեպին ականատես են եղել պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը և Սամվել Սարգսյանը, որոնք բռնել են Խաչատրյանին և ասել են՝ «հո, դու խուլիգան չես»:

«Ոստիկանություն դիմել ենք, պետք է գնամ ցուցմունք տալու: Երկրի մարզպետ է, պատկերացնում եք, խուլիգան է: Դե պատկերացրեք Սյունիքի մարզը ինչ է քաշում դրա ձեռքը: Չեմ լռելու, ես իմ խոսքերից հետ չեմ կանգնելու, թող ինքը գումարը վերադարձնի, հրապարկայնորեն ներողություն խնդրի իր կեղտոտ բառերի համար»,- ասել է  Սիլվա Համբարձումյանը՝ նկատի ունենալով սարքավորումների արժեքը:

Լուսանկարը` hetq.am

Tekali Taxi