Գլխավոր / Հայաստան / Ինչու են երևանցիները գողանում աղբարկղերը, իսկ աղբը շպրտում մայթերին

Ինչու են երևանցիները գողանում աղբարկղերը, իսկ աղբը շպրտում մայթերին

Ամիսներ առաջ Երևանի փողոցներում հայտնվեցին մեծ տարողունակ աղբարկղեր: Սակայն, ինչպես փաստում են պաշտոնյաները, քաղաքի կենտրոնական փողոցների բանուկ հատվածներն աղբից զերծ պահելու մտադրությունը իրականություն չդարձավ:

Արաբկիր վարչական շրջանում աղբահանություն իրականացնող «Էկո-Ար» ընկերության փոխտնօրեն Հովհաննես Ստեփանյանի խոսքով՝ կիրառած բոլոր միջոցները ապարդյուն են:

«Մեր ընկերությունն այս վարչական շրջանում շուրջօրյա աղբահանություն ու սանմաքրման աշխատանքներ է իրականացնում:  Օրվա ընթացքում երկու անգամ  դատարկվում են աղբարկղերը, սակայն մի քանի ժամ անց պատկերը նույնն է: Աղբարկղները նաև վնասում են: Չի կարելի այսքան անփույթ ու անսրտացավ վերաբերմունք ունենալ  գույքի նկատմամբ, չէ՞ որ այս աղբարկղերը նախատեսված են հենց մեր համաքաղաքացիների հոգսը թեթևացնելու համար», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Ստեփանյանը:

Նշենք, որ աղբարկղերի տեղակայման վայրերում աղբին հաճախ ավելանում են նաև կոտրված աղբարկղերը, ինչը փաստում են պատասխանատու մարմինները:

«Երևանի քաղաքապետարանը  մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններին, այդ թվում նաև մեզ, տրամադրել էր  200 լիտր տարողությամբ աղբարկղեր, որոնք տեղադրել ենք մարդաշատ վայրերում: Նպատակը  մեկն էր՝  թեթևացնել բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների աղբահանության գործընթացը: Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ մեր համաքաղաքացիներից շատերը ալարում են աղբը թափել համապատասխան վայրում և մի շարք դեպքերում տնտեսական, ինչու չէ նաև շինարարական աղբով լի տոպրակները ուղղակի շպրտում են մայթերին, մտածեցինք, որ սրանով կարող ենք խուսափել նմանատիպ իրավիճակներից, սակայն, ցավոք սրտի, պատկերը նույնն է, գումարած նաև այն, որ անխնա ձևով սկսել են  կոտրել ու նույնիսկ գողանալ աղբարկղերը», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Արսեն Մովսիսյանը:

Արաբկիրի բնակիչները մեզ հետ զրույցում նույնպես բողոքում էին աղբով լի մայթերի անմխիթար վիճակից:

«Իհարկե, շատ գովելի է այն փաստը, որ տեղադրվել են այս աղբանները, որոնք բավական  տարողունակ են, ու շատ ցավալի է տեսնել՝  ինչքան  անխնա են կոտրում ու շարքից հանում դրանք: Երեկոյան ժամերին կարելի է հանդիպել խայտառակ տեսարանների, երբ բնակիչները նույնիսկ ալարում են աղբով լիքը տոպրակները հասցնել աղբարկղերի մոտ. շատերը ուղղակի բացում են պատուհանները կամ դուրս են գալիս պատշգամբ և աղբը շպրտում են փողոց, ինչի արդյունքում առավոտյան մեր փողոցն իսկական աղբավայր է հիշեցնում», – Epress.am-ին պատմել է Վաղարշյան փողոցի բնակիչ Հերմինե Հակոբյանը:

Արաբկիրի բնակիչներից շատերը պարզապես խուսափում էին խոսել այս թեմայով, իսկ զրուցել ցանկացողները միայն մատնանշում էին անմխիթար վիճակը, սակայն խնդիրը լուծելու ելքեր չէին առաջարկում:

Tekali Taxi