Գլխավոր / Հայաստան / Գյուղապետը խոստովանել է, որ «խրձերով լցոնումներ» է կատարել ընտրություններին

Գյուղապետը խոստովանել է, որ «խրձերով լցոնումներ» է կատարել ընտրություններին

Մարզերում և գյուղական համայնքներում Հայ Ազգային Կոնգրեսի հանդիպումների շրջանակներում, նոյեմբերի 20-ին Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը և ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը այցելել են Վերին Արտաշատ գյուղ:

Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Վլադիմիր Կարապետյանը, գյուղի բնակիչների հետ զրույցից շուրջ կես ժամ անց հանդիպման վայր ժամանեց գյուղապետ Աշոտ Ղազարյանը` մոտ քսան հոգու ուղեկցությամբ:

«Կոպիտ կերպով միջամտելով հանդիպման ընթացքին` նա փորձեց հավաքվածների ուշադրությունը շեղել քննարկվող թեմաներից` հիշելով 1996 թվականի ընտրությունները: Պարբերաբար ընդհատելով բանախոսներին` նա խոսում էր բացառապես այդ ընտրությունների մասին` նշելով դրանցում տեղի ունեցած խախտումները»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով` գյուղապետը հրապարակային խոստովանեց, որ, լինելով ընտրական հանձնաժողովի նախագահ, ինքն անձամբ կեղծել է ընտրությունների արդյունքները` իրականացնելով «խրձերով լցոնումներ»:

«Կոնգրեսի ներկայացուցիչները հիշեցրեցին հավաքվածներին, որ Շարժման պայքարը հենց նման ընտրակեղծարարների և հանցագործների դեմ է` խոստանալով առաջին իսկ հարմար պահին զբաղվել Ղազարյանի ինքնախոստովանական հայտարարություններին իրավական գնահատական տալու հարցով` անկախ թե որ ընտրություններին է իրականացվել հանցագործությունը», — եզրափակել է Կարապետյանը: