Գլխավոր / Հայաստան / Մոսկվայի փողոցներում համբուրվող քաղաքական գործիչների նկարներ են հայտնվել

Մոսկվայի փողոցներում համբուրվող քաղաքական գործիչների նկարներ են հայտնվել

Սկանդալային Monolog.Tv արթ-խումբը հերթական ակցիան է անցկացրել, այս անգամ` նվիրված դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Խմբի ակտիվստները չորեքշաբթի` լույս հինգշաբթիի գիշերը Մոսկվայի փողոցներում փակցրել են տարբեր կուսակցությունների` համբուրվող առաջնորդների պաստառները, հայտնում է Newsru.com կայքը:

Իտալական Benetton ընկերության սկանդալային դարձած գովազդային պաստառների վրա համբույրի տեսարաններում են հայտնվել կուսակցական առաջնորդները: Պաստառներից մեկի վրա օրինակ, համբուրվում են «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին և Պետդումայի խոսնակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը:

Հիշեցնենք, որ Benetton-ի «Unhate» («Չկա ատելություն») գովազդային արշավում օգտագործվել են տարբեր քաղաքական գործիչների համբույրների տեսարաններ, նրանց թվում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը և այլք: