2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Օրենքը չեն կարդացել, ուղղակի սեղմել են կոճակները. բնապահպանները դժգոհ են

Հայաստանի Հանրապետությունում բոլոր օրենքները շատ լավն են, պարզապես որևէ մեկը չի գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպաններ Արման Վերմիշյանը, Լևոն Գալստյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը:

«Մենք պետք է մեր աչքերով տեսնենք, այլապես  հավատալ կամ վստահել դրան չենք կարող», - ասել է Մերի Խաչատրյանը:

Թռչկանցիները դժգոհել են Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության  մասին» օրենքից:

«Ազգային Ժողովը դեկտեմբերի 2-ին լսումներ էր հրավիրել, սակայն չի սպասել լիազորված մարմնի կատարած փոփոխություններին: Մենք համոզված ենք, որ ԱԺ-ի մեծ մասը չի կարդացել այդ օրենքը. առանց քննարկման ուղղակի սեղմել են կոճակները: Այսպիսի անտարբերությունն արդեն անվստահության մթնոլորտ է ձևավորել և, հաշվի առնելով մեկ անգամ խաբված լինելու հանգամանքը, երկրորդ անգամ խաբված լինել չենք ուզում: Այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները որոշել են քանդել, ամբողջությամբ դատարկել և ուտել Հայաստանի ողջ ընդերքի պարունակությունը, - նշել է Արման Վերմիշյանը:

Նրա խոսքով՝ օրենքը  չի ծառայում բնապահպանական փորձաքննությանը, մինչդեռ այն որոշիչ է լինելու Հայաստանի բնության հետագա վիճակի համար:

Լևոն Գալստյանի համոզմամբ՝  դեկտեմբերի 2-ին ընդունված օրենքում առկա են մի շարք թերություններ, հետևավաբար այն ենթակա է փոփոխությունների: Սրանով է պայմանավորված իրենց կողմից առաջարկություններով հանդես չգալու հանգամանքը:

Թեև հանդիմանը հրավիրված էին միայն «Թռչկան» նախաձեռնության անդամները, սեփական կամքով ներկայացել էին նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչները:

Նրանք հավաստիացրել են, որ «Շրջակա միջավայրի  վրա ազդեցության փորձաքննության  մասին» օրենքը օդի ու ջրի պես անհրաժեշտ  է Հայաստանին, և մեղադրել են թռչկանցիներին առաջարկություններով հանդես չգալու  կամ դրանք ուշ ներկայացնելու համար:

Նրանք վստահեցրել են, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսել և ընդունել ցանկացած առաջարկություն, այլ բան է, թե  դրա հետ ինչպես կվարվեն Ազգային Ժողովում:

«Թռչկան» նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ նախագահին, սակայն որևէ արձագանք, առավել ևս հանդիպում չի կայացել: Նրանք գտնում են, որ  այս հարցը պետք է լուծվի նախագահի անմիջական հսկողությամբ, այլապես օրենքն ընդունելը բավարար չէ, այն կիրառել ու կատարել է պետք: