2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Արմեն Օհանյանին ԱԱԾ էին հրավիրել իր հետ կապ չունեցող գործի համար

Արձակագիր, ակտիվիստ, «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Օհանյանը երեկ բերման ենթարկվելուց և ժամեր անց ազատվելուց հետո, նույն օրը ժամը 16.00-ին հրավիրվել է  ԱԱԾ քննչական վարչություն` հարցաքննության: Epress.am-ի հետ զրույցում Արմեն Օհանյանն ասել է, որ իրեն որպես վկա են կանչել հարցաքննության իր հետ բոլորովին կապ չունեցող գործի համար:

«Ինչ-որ մարդկանց անուններ տվեցին, որոնց ես չեմ ճանաչում, միայն իմ ընկերներից մեկի մասին, ում անունը կա այս գործում, հարցրեցին, թե որտեղից եմ ճանաչում և այլն: Բայց ես ավելի շատ զայրացած եմ առավոտվա պատմությունից, որ առավոտյան ժամը յոթին կարող են գրավել  մարդու տունը ու առանց ծանուցագրի նրան բերման ենթարկել: Եթե նրանք ծանուցագիր ներկայացնեին և ես հասկանայի` ինչ կարգավիճակով եմ հրավիրվում հարցաքննության, կկանչեի իմ փաստաբանին ու դեմ չէի լինի գնալ նրանց հետ»,- ասել է Արմեն Օհանյանը:

Այդ մասին Օհանյանը բարձրաձայնել է նաև հարցաքննության ժամանակ և ստացել պատասխան, որ այդ գործի օպերատիվությունից և կարևորությունից ելնելով` առվոտյան  հավաքել են բոլոր հնարավոր  մարդկանց, որոնք կարող են կապ ունենալ գործի հետ:  Օհանյանին նաև ասել են, որ բերման ենթարկողները ԱԱԾ-ից չեն եղել, այլ ոստիկանությունից, ում ԱԱԾ-ն փոխանցել է այն մարդկանց անունները, որոնք պետք է  կանչվեն հարցաքննության, իսկ ոստիկանությունն էլ, Օհանյանի խոսքով, իրեն հատուկ մեթոդով՝ կոպտությամբ, դա իրականացրել  է:

Լուսանկարը` Արմեն Օհանյանի Facebook-ի էջից