ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, այցի առաջին օրը Սարգսյանը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ:
Սարգսյանի և Հռոմի պապի առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել Բենեդիկտոս XVI-ի հետ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:
«Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարևորությունը», -ասված է ՀՀ նախագահի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ:
Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը և Տարչիցիո Բերտոնեն նաև խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում և Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար: