Գլխավոր / Հայաստան / Օրինագիծն ընդունվեց. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային

Օրինագիծն ընդունվեց. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային

Քիչ առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դեմ են քվեարկել պահպանողական Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի UMP կուսակցության մի քանի պատգամավոր, մասնավորապես, Ժակ Մյուարը, Լիոնել Տարդին, Միշել Դիֆենբախերը, Ժան-Ֆիլիպ Մաուրերը և Ժան Բարդեն: Նույն կուսակցության մյուս պատգամավորները կողմ են քվեարկել օրինագծին:

Օրինագծի ընդունման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին:

Այս առիթով կցանկանայի ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին և ողջ ֆրանսիացի ժողովրդին:

Դեռևս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձարգույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման», — հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նշենք, որ օրինգիծը ուժի մեջ է մտնելու Ֆրանսիայի Սենատից և երկրի նախագահի հաստատումից հետո: Այն ենթադրում է ժխտման համար 1 տարի ազատազրկում կամ 45000 եվրո տուգանք: